News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում սուր քննարկումների թեմա է դարձել արտագաղթի հիմնախնդիրը:

Գործը հասել է նրան, որ նույնիսկ Վրաստանի նախագահն է Երեւանում հայ քաղաքացիներին խորհուրդ տալիս չլքել Հայաստանը, ապրել այստեղ եւ զարգանալ:

NEWS.am-ը փորձել է այս հարցի վերաբերյալ իմանալ քաղաքացիների կարծիքը:

Հայաստանից արտագաղթելու հավանականության մասին մեր հարցման մասնակիցները տվեցին հետեւյալ պատասխանները:

Ոստիկանության աշխատակից Վարդան Սարգսյանն ասաց, որ հայերի միակ պետությունը  Հայաստան է` մայրաքաղաք Երեւանով եւ ոչ մի տեղ գնալու մտադրություն չունի. «Ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին եւ կմնամ այստեղ»:

Այս պատասխանը կարելի է բացառիկ համարել, քանի որ հարցման հաջորդ բոլոր մասնակիցները ճիշտ հակառակ պատասխանը տվեցին:

18-ամյա Հարություն Ավետիսյանը կարծում է, որ արտասահմանում ավելի շատ հեռանկարներ կունենա: Ուսանող Խաչատուր Իսրայելը նույն կարծիքին է եւ մտադիր է կրթական ծրագրով մեկնել ԱՄՆ-ը եւ չվերադառնալ:

22-ամյա Հայարփի Մուրադյանը վստահ է, որ Հայաստանը չափազանց կառումպացված երկիր է: Նրա խոսքով կոռուպցիան ծաղկում է հատկապես ուսումնական հաստատություններում: Ինքը մտադիր է մեկնել Գերմանիա:

49-ամյա ավտոփականագործ Գագիկ Մարգարյանը վստահ է, որ Հայաստանը յուրաքանչյուր հայի տունն է, սակայն երբ գործը հասնում է գոյատեւմանը ստիպված է լինում լքել երկիրը: Ֆիզիոթերապեւտ Նինել Չոբանյանը 10 տարի արտասահմանում ապրելուց հետո վերադարձել է հայրենիք եւ չունի փող, աշխատանք, աճի հնարավորություն: Կինը 73 տարեկան է:

38-ամյա Ռոբերտն արդեն 15 տարի ընտանիքի հետ ապրում է Կանադայում եւ վերադառնալու մտադրություն չունի, քանի որ ամեն քայլափոխի տեսնում է աղբամանը փորփրող տատիկների: Նրա կարծիքով մեղավորը «այս աղքատ երկրի անպետք իշխանություններն են»:

46-ամյա գրող Արմեն Մելքոնյանը կարծում է, որ սա առհասարակ երկիր չէ:  

«Չկա արդարություն, մարդիկ չունեն իրար օգնելու ցանկություն, չկա համընդհանուր աճի ձգտում: Յուրաքանչյուրն իր մասին է մտածում: Չկա մշակույթ, արվեստ, նախկինում ստեղծածը ոչնչացվում է: Հանցավորություն, կոռուպցիա, անտաղանդ ղեկավարություն, անմարդկային առաջնահերթություններ եւ «ազգային» արժեքներ, որի տակ բարբարոսական մենթալիտետն է: Գողերի, հանցագործների, մարդասպանների եւ հիմարների երկիր է: Նորմալ մարդիկ քիչ են մնացել», - հայտարարեց գրող Մելքոնյանը:

Կասկադի մոտ կանգած երիտասարդների խումբը միաձայն նշեց, որ սա «երկիր չէ եւ ապրելու տեղ չէ»:

Հարցմանը մասնակցել է 15-ից 73 տարեկան 80 մարդ` 40-ական կին եւ տղամարդ: Ամփոփելով արդյունքները` կարելի է պնդել, որ ճնշող մեծամասնությունը պատրաստ է լքել Հայաստանը: Մարդիկ նշում են, որ ստիպված են հեռանալ, քանի որ այստեղ ապրելը շատ դժվար է, այլապես այդպիսի միտք չէր ծագի:   

Համակարգչային տեխնիկայի մասնագետ, 25-ամյա Արտածես Սաքեյանը նշեց, որ պարենի, գազի, էլեկտրաէներգիայի եւ մյուս անհրաժեշտ ապրանքների գների աճը կյանքը երկրում դարձնում է ուղղակի անտանելի: «Ամենացավալին այն է, որ իշխանությունները թքած ունեն ժողովրդի վրա», - եզրափակեց նա:

Պատրաստեց Էմիլ Բաբայանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ