Ցուցարարների կողմից ճանապարհները փակելու հետեւանքով «Լիդիան Արմենիան» արդեն 26 օր է չի աշխատում, ինչի հետեւանով 14 մլն դոլարի կորուստ է ունեցել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին Ջերմուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Lydian International-ի տնօրեն Ժոաո Կարելոն (João Carrêlo)։
«Մենք օրական 500 000 դոլար ենք կորցնում, որովհետեւ ցուցարները փակել են ճանապարհը եւ այսպես արդեն 26 օր է»,–ասաց Ժոաո Կարելոն։
Նրա խոսքով, այս իրավիճակը տարակուսանք է առաջացնում ներդրողների մոտ. «Լիդիանի» այս ծրագրում ներդրումներ են արել Կանադայից, Միացյալ Թագավորությունից, ընդհանուր առմամբ, մոտ 400 մլն դոլար։ Ներդրողները ներդրում են կատարում, եթե վստահ են, որ իրենց ներդրումները պաշտպանված են։ Ընկերությունը ունի աշխատելու թույլտվություն եւ ունի պատասխանատվություն բոլոր շահառուների համար։ Հարցն այն է, թե մենք որքան պետք է սպասենք։ Ընկերությունը հնարավորություն չունի աշխատել արդեն 26 օր։ Սա նշանակում է, որ 14 մլն դոլար պետք է ներգրավվենք շուկայից։ Ուստի ներդրողները հարցնում են՝ պետք է աշխատե՞նք, թե՞ թողնենք գնանք»։
Lydian International-ի տնօրենը նշեց, որ ամեն օրը, որ ընկերությունը չի աշխատում, հետաձգում է այն բոլոր օգուտներեւը, որ երկիրը կարող է ստանալ այս ներդրումից։ Ժոաո Կարելոն առաջարկեց համապատասխան ուսումնասիրություններն հանքում իրականացնել իրենց աշխատանքին զուգահեռ։
Նա չբացառեց, որ «Լիդիանը» կդիմի դատարան վնասի փոխհատուցման պահանջով։ Նշենք, որ լուրեր կան, որ Ամուլսարի շուրջ այս իրավիճակը ստեղծվել է, որ հետագայում Հայաստանին ներքաշեն դատական գործընթացներում։ Այս մտահոգության մասին հանդիպման ժամանակ խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժոաո Կարելոն հայտարարեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, կարող են ստուգել իր կենսագրության մեջ։