News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մշտական քարտուղար Սայմոն Մաքդոնալդը հուլիսի 6-ին Երեւան է ժամանել։ Դիվանագետը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ NEWS.am –ին տված հարցազրույցում սըր Սայմոն Մաքդոնալդը պատմել է իր այցելության նպատակների ու այն ուշադրության մասին, որը Մեծ Բրիտանիան ունի Հայաստանի հանդեպ։

Ձեր այցելությունից մի քանի շաբաթ առաջ Երեւանում տեղի ունեցավ հայ- բրիտանական առաջին բիզնես- ֆորումը։Կարո՞ղ ենք ենթադրել, որ Մեծ Բրիտանիան ավելի ակտիվացրել է իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։ Ո՞րն է Հայաստան Ձեր այցելության նպատակը։ Արդյո՞ք Ձեր այցելությունը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան սկսել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել մեր երկրի հետ հարաբերությունների զարգացմանը։  

Նախ Մեծ Բրիտանիան միշտ է հետաքրքրված եղել Հայաստանի հետ հարաբերություններով։ Անկախացման պահից սկսած՝ մենք ունեցել ենք դիվանագիտական հարաբերություններ։ Սկզբում մենք ներկայացված ենք եղել ոչ ռեզիդենտ դեսպանով, իսկ հետո արդեն մշտական դեսպանով։ Կարծում եմ, որ Մեծ Բրիտանիան մշտական հետաքրքրություն է դրսեւորում Հայաստանի հանդեպ։ Եվ հետո, ես համաձայն եմ, որ հիմա առանձնահատուկ հետաքրքիր ժամանակաշրջան է Հայաստանում։ Մենք շատ ուշադիր հետեւել ենք ապրիլյան իրադարձություններին ու պատահական չէ, որ մենք դիտարկում ենք Լոնդոնից այցելությունների աճ։  

Սա արդեն իմ երկրորդ այցելությունն է Երեւան։ Այսօրվա այցելությունը շատ հետաքրքիր էր, քանի որ իմ ունեցած բոլոր հանդիպումների ընթացքում զգացվում էր էներգիա ու հույս քաղաքում ու երկրում։ Հիմա հետաքրքիր ժամանակներ են Հայաստանի համար ու ես ուրախ եմ դրա ականատեսը լինել։ Հույս ունեմ, որ իմ երկիրն էլ կկարողանա օժանդակել այն ամենին, ինչ տեղի է ունենում հիմա այստեղ։  

Որո՞նք են Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի առաջնայնությունները։ Ո՞րն է ձեր առաջնայնությունը երեք երկրներից յուրաքանչյուրում։

Մենք յուրաքանչյուր երկրում ունենք առանձին դեսպանատներ, քանի որ, ինչպես ասում եք, Ադրբեջանը շատ է տարբերվում Վրաստանից, որն էլ իր հերթին շատ է տարբերվում Հայաստանից։ Մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք այս երեք երկրները։ Մենք գիտենք, որ Հայավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունները միանշանակ չեն։ Մենք դիվանագիտության երկարատեւ պատմություն ունենք այդ երկրների հետ ու հույս ունենք, որ մի օր կկարողանանք օգնել Ձեզ որոշ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում։ Բայց հիմնականում մենք ուզում ենք օգնել յուրաքանչյուր երկրին։ Մենք մեծ հնարավորություններ ունենք աջակցել կրթության, առեւտրի ու բիզնեսի, նաեւ կառավարման ոլորտներում։ Մենք համարում ենք, որ կարող ենք միասին աշխատել հանրային կյանքի բոլոր ոլորտներում։

Ձեր կարծիքով Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը կարո՞ղ է փոխվել Brexit-ից հետո։ Արդյո՞ք Մեծ Բրիտանիան շահագրգռված կլինի եվրոպական հարեւանների հետ հարաբերությունների զարգացման հարցում, ինչպես ԵՄ շրջանակում էր։

Կարծում եմ, որ Brexit-ը շատ բան կփոխի Միացյալ Թագավորությունում։ Սակայն այն մեծ ազդեցություն կթողնի մեր հարեւան երկրների հետ արտաքին քաղաքականության վրա՝ մենք , ըստ երեւույթին, փոխում ենք հարաբերությունները մեր մայրցամաքի հետ։ Ինչ վերաբերում է ավելի հեռավոր երկրների հարցում մեր քաղաքականությանը՝ ապա  մենք համարում ենք, որ Բրիտանիայի շահերը  Brexit –ից հետո նույնը կմնան։ Ես ակնկալում եմ, որ մենք բարձր մակարդակի վրա կպահենք մեր հետաքրքրությունը Հարավային Կովկասի հանդեպ։  

Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, բայց այն ամենն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, այդ թվում ներքին քաղաքականությունը, շատ կարեւոր է։ ԵՄ բազմաթիվ անդամ երկրներ վերջերս քննադատում են Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, նաեւ երկրի ղեկավարության բազմաթիվ որոշումները։ Ի՞նչ դիրքորոշում ունի Մեծ Բրիտանիան այս հարցում։ Ինչպե՞ս եք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, քանի որ նա այս տարածաշրջանի առանցքային դերակատարներից մեկն է։  

Թուրքիան մեր դաշնակիցն է։ Մեծ Բրիտանիան ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներ են, ու դա չի փոխվելու  Brexit-ից հետո։ Մենք ակնկալում ենք Թուրքիայի հետ սերտ համագործակցության շարունակություն։ Շատ հարցերում Բրիտանիան հիմա ավելի լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, քան եվրոպական մյուս երկրները, քանի որ Մեծ Բրիտանիան իր աջակցությունն է հայտնել Էրդողանին երկու տարի առաջ երկրում տեղի ունեցած պետհեղաշրջման փորձի ժամանակ։  Մենք կողմ ենք արտահայտվել ժողովրդավարական կառույցներին, ու հենց նախագահն է ներկայացնում այդ դիվանագիտական կառույցները։ Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց խնդիրը դա չէ։ Բանն այն է, որ օգտագործենք այդ կապերը, որպեսզի քննարկենք այն ամենը, ինչ պետք է քննարկել։ Լավ հարաբերությունների առկայությունը մեզ թույլ է տալիս խոսել բարդ բաների մասին։ Եթե դուք վատ հարաբերություններ ունեք, դուք ավելի քիչ ազդեցություն եք ունենում, քան ի որ դուք չունեք այն խոսակցությունը, որը կարող է ազդել իրադարձությունների վրա։  Երբ Թուրքիայի ներկայացուցիչների հետ որեւէ բան է քննարկում վարչապետը, ԱԳ նախարարը, նախարար Ալան Դականը, նրանք հնարավորություն են ունենում քննարկել այն բարդ հարցերը, որոնք անհրաժեշտ է լուծել։

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ