News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո նոր քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենան մեկ ամսվա ընթացքում:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ:

Քաղաքապետի հրաժարականից հետո ավագանին կազմում է քաղաքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:

Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Նույն օրենքի 44-րդ հոդվածը նախատեսում է, որ քաղաքապետի ընտրության քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:

Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Հատկանշական է, որ Կառավարությունը կարող է կրճատել Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը։ Օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ