News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


2018 թվականի մայիսի 6-ին Տավուշի մարզի Մեհրաբ գյուղի զորամասում մահացած էր հայտնաբերվել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Լեւոն Թորոսյանը: Երիտասարդը բանակում ծառայում էր ընդամենը 10 ամիս:

Մայրը՝ Արմենուհի Պողոսյանը, որդու հետ խոսել էր ժամը 07:04-ին, ընդամենը 26 րոպե անց նրան զանգահարել են եւ հայտնել, որ Լեւոնն ինքնասպանություն է գործել: Արմենուհի Պողոսյանը չի հավատում այս վարկածին: NEWS.am-ի թղթակցին նա պատմեց, որ Լեւոնի մարմնի վրա, այդ թվում նաեւ՝ սեռական օրգանների, բռնության հետքեր են հայտնաբերվել: Որպես ինքնասպանության զենք՝ ներկայացվել է Կալաշնիկովի ավտոմատ ձեռքի գնդացիրը (ռուս.՝ РПК), որը, ըստ Պողոսյանի, ոչինչ չարժե. «Ո՞վ է տեսել, որ մարդը գնդացիրով կրակի իր վրա, ընդ որում՝ մարմինն անվնաս մնա: Բացի այդ, զենքի վրա մատնահետքեր չեն եղել»:

Նրա խոսքով՝ զորամասի դիրքերում այդ օրը 7-8 մարդ է եղել, սակայն, ոչ ոք ցանկություն չունի փնտրել իր որդու մարդասպանին: «Նա միշտ բողոքում էր, որ զորամասում խառնաշփոթ է տիրում, սպաները միշտ քնած են ալկոհոլի եւ թմրամիջոցների ազդեցության տակ: Սահմանը մեր 18-ամյա երեխաներն են պահում»,- ընդգծեց Պողոսյանը:

Լեւոնի մոր պատմությունը շատ նման է Արմավիր քաղաքի բնակիչներ Արթուր Մխիթարյանի եւ Լուսինե Մխիթարյանի պատմությանը: Նրանց որդին՝ Արսեն Մխիթարյանը, եւս ծառայում էր Մեհրաբի զորամասում՝ նույն գումարտակում, ինչ՝ Լեւոն Թորոսյանը: 2016 թվականի հուլիսի 3-ին նա մահացած էր հայտնաբերվել հրազենային վնասվածքով: Ինչպես եւ Լեւոնի դեպքում, զենքի վրա մատնահետքեր չեն եղել: Բացի այդ, ոչ ոք կրակոցի ձայն չի լսել: «Նախօրեին մեր դստեր ծննդյան օրն էր: Հեռախոսով խոսեցինք Լեւոնի հետ, նա լավ տրամադրություն ուներ: Մենք պահել ենք հեռախոսազրույցի ձայնագրությունները: Հաջորդ օրը մեզ տեղեկացրեցին, որ նա ինքնասպանություն է գործել, ընդ որում, քրեական գործն այս հոդվածով հարուցվեց հաշված ժամերի ընթացքում»,- պատմում է Լուսինե Մխիթարյանը:

Նախաքննությունը շարունակվում է երկու տարի: Այս ընթացքում մի քանի քննիչ է փոխվել: Ըստ Մխիթարյանի՝ Մեհրաբը վատ համբավ ունի: «2010 թվականին այնտեղ սպանվել էր կրտսեր լեյտենանտ Արտակ Նազարյանը: Նրան ծեծի էին ենթարկել եւ  կրակել արդեն մահացած վիճակում»,- նշեց Լուսինե Մխիթարյանը:

Նրա ամուսինը՝ Արթուր Մխիթարյանը, կարծում է, որ այս զորամասում իսկական հեղինակություններ կան, «չաստ նայողներ»: «Նրանցից գլխավորի՝ Սամվել Մինասյանի կոչումը բարձրացրել են: Ամենայն հավանականությամբն, նրանք այնպիսի մարդիկ են, որ նույնիսկ դատախազությունը որեւէ բան անել չի կարող: Իմ որդու առաջին քննիչի՝ Կառլեն Աբազյանի հրահանգով 8 մարդ բացատրականներ է գրել: Այս երկու տարվա ընթացքում արդեն 7-8 քննիչ է փոխվել, ֆուտբոլի գնդակի նման փոխանցում են այս գործը միմյանց: Ես պահանջում եմ գործը փոխանցել Ազգային անվտանգության ծառայությանը»,- հայտարարեց Մխիթարյանը:

Լեւոն եւ Արսենի ծնողների հույսը միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. «Մենք հավատում ենք նրան: Նա մեր վերջին հույսն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ