News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամռանը ջրի սպառման ծավալների ավելացումը պայմանավորված է  ոչ միայն շոգ եղանակով, այլեւ ոռոգման նպատակով ապօրինի ջրօգտագործմամբ՝ առաջին հերթին գյուղերում կամ քաղաքների անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում: Այս մասին ասված է «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ընկերության շրջիկ խմբերն այս օրերին ստուգայցեր են կատարում, եւ օրերս 2 ապօրինի միացում է հայտնաբերվել Աբովյան քաղաքին հարակից Մայակովսկի գյուղի այգիներում: Պարզվել է, որ հասցեներից մեկում՝ 12 փողոցում, հսկայական այգու ոռոգման համար խմելու ջուրն ուղղվում էր 80 մմ տրամագծով խողովակով՝ «Կաթնաղբյուր-Երեւան 4» մայրուղային ջրատարից: Ընկերությունը պարզել է նաեւ, որ այգին պատկանում է Մայակովսկի համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանին:

«Վեոլիա Ջուր»-ը այգետիրոջը վճարման է ներկայացրել 3 մլն 178 հազար դրամի հաշիվ: Ապօրինի ջրագիծ ունի նաեւ Բարսեղյանի կինը՝ Գոհար Միսակյանը: Նրանից էլ 50 մմ տրամագծով ներանցման խողովակով «Կաթնաղբյուր-Երեւան 2» մայրուղային ջրատարից վերցված 7630 խ.մ. ջրի դիմաց ենթակա է գանձման 1.24 մլն դրամ:

«Վեոլիա Ջրի» աշխատակիցներն այսօր ապամոնտաժել են ապօրինի ջրագծերը:

Տպել
Ամենաշատ