News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից և հետամտի առավելապաշտական նպատակներ: Սահմանին որևիցե այսպես ասած ապակառուցողական դրսևորում` լինի դա դիվերսիոն ներթափանցումների, դիպուկահար կրակի, դիրքային փոփոխությունների և լայնածավալ հարձակման համար ուժերի կուտակումների տեսքով, արժանանալու է կտրուկ և սթափեցնող պատասխանի: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս մասին գրել է այսօր՝ ներկայացնելով իր տեսլականը կառավարության ծրագրում ՊՆ գործունեության առաջնահերթությունների կենսագործման վերաբերյալ:

Նա նաև ներկայացրել է պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունները՝ անդրադառնալով մի քանի խնդիրների.

Առաջնահերթություն 1.

Զինված ուժերի համալրումը անհրաժեշտ քանակի և ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ռազմական կառավարման արդիական սկզբունքների և համակարգերի ներդրումը և անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանումը: Այստեղ մեր վերջնանպատակն է բանակի մարտունակության մակարդակի համապատասխանեցումը ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմամբ:

Մեր թիվ մեկ խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումը: Մենք թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից և հետամտի առավելապաշտական նպատակներ: Սահմանին որևիցե այսպես ասած ապակառուցողական դրսևորում` լինի դա դիվերսիոն ներթափանցումների, դիպուկահար կրակի, դիրքային փոփոխությունների և լայնածավալ հարձակման համար ուժերի կուտակումների տեսքով, արժանանալու է կտրուկ և սթափեցնող պատասխանի: Դա անելու համար մենք շարունակելու ենք հետևողականորեն զարգացնել զինված ուժերի մարտական կարողությունները, հակառակորդի նկատմամբ ճիշտ պահին, ճիշտ տեղում և ճիշտ ձևաչափով անհրաժեշտ ազդեցության ներուժը պահպանելու և էլ ավելի զարգացնելու համար: Խնդիրներն արդեն առաջադրված են, կարողությունները՝ ձևավորված, և մենք աշխատում ենք դրանք էլ ավելի հզորացնելու ուղղությամբ:

Զինված ուժերի երկարաժամկետ արդիականացման գործընթացը ներառելու է ռազմական հզորության բոլոր ոլորտները՝ առաջնագծում մարտական հերթապահությունից, հեռահար միջոցներով զսպումից, մարտական պատրաստությունից սկսած և վերջացրած ռազմական կառավարման համակարգով, մարտ վարելու նոր եղանակներով և կրթությամբ: Անշուշտ, առանցքային նշանակություն ունի զինված ուժերի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ, և այս գործում մեր աշխատանքներն իրականացնելու ենք ինչպես դաշնակից ու գործընկեր պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման, այնպես էլ՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման շրջանակներում: Մեր վարած ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականությունը նախ մտասևեռված է զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորության, ճշգրտության և արդյունավետության ավելացման վրա, որի համար նախատեսվում է շարունակել բանակի զինանոցի համալրումը գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածի, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից զինատեսակներով, ինչպես նաև առաջնահերթ բազմաֆունկցիոնալ ավիացիայով:

Գերակա խնդիր է նաև Զինված ուժերի կառավարման համակարգի և կառավարման մշակույթի արդիականացումը: Այդ համակարգը պետք է ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական հագեցվածություն: Այս խնդրի կատարման համար, բացի տեխնիկական լուծումներից, շարունակվելու է նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և դրանցով գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքի ներդրումը: Այս սկզբունքի էությունը հետևյալն է. տուր ենթականերիդ անհրաժեշտ ռեսուրսներ, ուժեր և միջոցներ, խելամիտ ուղղորդում և վստահություն, և կտեսնես, որ տեղում նրանք կգտնեն ավելի լավ լուծումներ և ամենակարևորը՝ կիրականացնեն դրանք ավելի օպերատիվ կերպով, քան եթե դու փորձես որոշել բոլորի փոխարեն, միաժամանակ չտեսնելով յուրաքանչյուր առանձին հրամանատարի պատասխանատվության գոտում ծագած իրավիճակի առանձնահատկությունները:

Ոչ պակաս կարևոր է ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, այսինքն՝ ռազմարվեստի արդիականացումը և ապակենտրոնացված ու տարատեղված գործողություններ վարելու կարո­ղությունների ձևավորումը` զինված ուժերի պատրաստությունը հավանական պատերազմի բնույթին համապատասխանեցնելու, որոշումների կայացման և գործողությունների իրականացման փուլերում հակառակորդի նկատմամբ առաջանցում ապահովելու նպատակով:

Եվ իհարկե, առաջնահերթ նշանակություն ունի ռազմարդյունաբերական համալիրում ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականության վարումը՝ հարկային և վարչարարական ընթացակարգերի բարե­լավ­ման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և հանրային, մասնավոր ու միջազ­գա­յին կոոպերացիայի սկզբունքով համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով: Պաշտպանության նախարարությունը խթանելու է համապատասխան արտադրական կարողությունների ստեղծումը, գիտահետա­զոտական և կիրառական գիտության զարգացումը և գիտատեխնիկական մասնագիտական ներուժի ավելացումը՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի մշակմանը, արտադրությանը, շահագործմանը, նորոգմանն ու արդիականացմանն ուղղված պետական պաշտպանական պատ­վերի՝ սեղմ ժամկետներում կատարումն ապահովելու նպատակով:

Առաջնահերթություն 2.

Հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերի շարունակաբար համալրումը արդիական տեխնիկական միջոցներով և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը: Մենք պետք է առավելագույնի հասցնենք մի կողմից՝ հակառակորդի դիպուկահար կրակի, դիվերսիոն ներթափանցման և հարձակման նախապատրաստման փորձերի բացահայտման, հավաստանշման, թիրախորոշման և կրակային խոցման կարողությունները և մյուս կողմից՝ յուրային անձնակազմի քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը:

Այս համատեքստում գերակա խնդիր է մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործումը և անձնակազմի անվտանգության աստիճանի բարձրացումը: Պետք է աստիճանաբար քայլեր ձեռնարկենք առաջնագծում մեր կողմից կիրառվող ստատիկ պաշտպանությունը տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով և հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ փոխարինելու ուղղությամբ: Պաշտպանության այս տեսակի միջոցով զգալիորեն կնվազի անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելը, կբարձրանա անձնակազմի պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը և կավելանա հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման և ոչնչացման հավանականությունը: Այս նպատակով, ի թիվս այլ ուժերի և միջոցների, ստեղծվում են հակառակորդի օպերատիվ դասավորության ամբողջ խորությամբ և ռազմավարական մակարդակում նրա մտահղացումների վաղ հայտնաբերմանն ուղղված զորային, տեխնիկական ու գործակալական հետախուզական և վերլուծական կարողություններ:

Առաջնահերթություն 3.

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակի և արդյունավետության Էական բարձրացումը: Այստեղ մեր վերջնանպատակն է Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի ու կարգապահության ամրապնդումը, բանակում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը, ոչ կանոնագրային հարաբերությունները նվազագույնի հասցնելը, զինծառայողների արժանապատվության խոցման դեպքերի, ինքնավնասման և ինքնասպանության փորձերի առավելագույնս կասեցումը։

Մեր գերակա խնդիրն է զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը երաշխավորելու նպատակով իրականացնել զինծառայողների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացման, թափանցիկության ընդլայնման և ծառայողական քննությունների պարզեցման աշխատանքներ:

Առաջնահերթություն 4.

Զինծառայողների կրթության շարունակականության ապահովումը զինվորական ծառայության ողջ ընթացքում։ Մենք պետք է հետևողական աշխատանքներ տանենք զինծառայողի կրթական ցենզի բարձրացման և ինտելեկտուալ մակարդակի աճի ուղղությամբ՝ որպես Զինված ուժերի զարգացման ռազմավարության կարևորագույն ուղղություն։

Մեր վերջնական նպատակն է բանակում արհեստավարժության և բարոյականության նոր չափանիշների ձևավորումը` հմուտ, պատվախնդիր ու առաջնորդ սպայական կազմով և վարժված, կրթված, շարժառիթավորված ու մարտունակ զինվորներով, որի համար ձեռնարկելու ենք քայլեր Զինված ուժերի մասնագիտական ինքնությունը և վարկանիշը ամրապնդելու ուղղությամբ, ընդհուպ` մինչև ազգային արժեքները խորհրդանշող նոր համազգեստի ներմուծումը:

Կրթությունը անքակտելիորեն կապված է անձնակազմի կառավարման հետ: Պաշտպանության համակարգում ընթացող կադրային փոփոխությունները իրականացվելու են պետական կառավարման և քաղաքացիական հանրության կարող ուժերը ներգրավելու և առկա պրոֆեսիոնալ ռեսուրսը լավագույնս օգտագործելու փոխլրացնող ուղղություններով: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման քաղաքականություն, ավելի ու ավելի պատասխանատու պաշտոններ վստահելով ուժեղ բնավորություն, առաջնորդական որակներ, մասնագիտական խորագիտակություն և առաքելության նկատմամբ հանձնառություն ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին և աշխատակիցներին:

Առաջնահերթություն 5.

Զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումը: Մենք պետք է երաշխավորենք բոլոր կարգի զինծառայողների իրավունքների պաշտպանվածության, թիկունքային, նյութատեխնիկական և բժշկական պատշաճ ապահովումը՝ որպես Զինված ուժերի ղեկավարության, պետական ու հասարակական վերահսկողության ու հոգածության առարկա:

Մեր խնդիրն է զինծառայողներին հատկացվող իրային միջոցների՝ համազգեստի, ներքնազգեստի, հիգիենայի ապահովման պարագաների որակական և քանակական ցուցանիշների, ինչպես նաև սննդակարգի բարելավումը: Այս ուղղությամբ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կմշակվի համապատասխան չափորոշիչների բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ և կներկայացվի ՀՀ կառավարություն: Պետք է աշխատենք նաև մի շարք ապահովման ծառայություններ օտարելու ուղղությամբ` հիմքում ունենալով դրանց որակի կտրուկ բարձրացումը և կոռուպցիոն երևույթների բացառումը:  

Առաջնահերթություն 6.

Զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, բնակարանային, բժշկական ապահովման և այլ ծրագրերի իրականացումը։ Բանակի բարոյահոգեբանական պատրաստվածությունը չի լինի բարձր մակարդակի վրա, եթե զինծառայողների համար չլինեն պատշաճ սոցիալական ապահովման պայմաններ` սկսած արժանավայել դրամական բավարարումից, հանգստի ու ժամանցի պայմաններից և վերջացրած բուժապահովմամբ: Իհարկե, ինչպես արդեն նշվել է, պետության տնտեսական ներուժի համեմատ մեծաքանակ բանակ ունենալու հանգամանքը ինքնին առաջ է բերում ֆինանսական սահմանափակումներ, սակայն խելամիտ լուծումների, «վատնող արտահոսքը» կասեցնելու և գործառույթներն ավելի օպտիմալ բաշխելու միջոցով պաշտպանության նախարարությունում անելու ենք ամեն ինչ զինծառայողի կենսապայմանները և նրա հոգևոր գոհունակությունը բարելավելու համար:

Պաշտպանության նախարարության գերակա խնդիրն է ծառայության մեջ գտնվող և նախկին զինծառայողների ու քաղ­ծառայողների, զինվորական հաշմանդամների, զոհված և անհայտ կորած զինծա­ռա­յողների ընտանիքների անդամների համընդգրկուն սոցիալական ապահովման ծրագրերի իրականացումը, զինծառայողների բժշկական ապահովման համակարգի վերափոխումը` առաջին բուժօգնության ցուցաբերումից և մարտի դաշտից տարհանումից մինչև հոսպիտալային օղակում որակյալ բուժում ստանալը: Այս համատեքստում արդեն իսկ ավարտական տեսքի է բերվում արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման «Մատչելի բնակարան զինծառայողին» պետական աջակցության նպատակային ծրագիրը, որը բեկումնային լուծում կապահովի բոլոր զինծառայողների (առանց տարիքային սահմանափակումների) սոցիալական պաշտպանվածության ոլորտի այս կարևոր հիմնախնդրին: Եվ իհարկե, աչքաթող չի արվում պաշտպանության ոլորտի անձնակազմի դրամական բավարարման մակարդակը բարձրացնելու հարցը, որին լուծում կտրվի Հայաստանում տնտեսական աճի և պետական բյուջեի եկամտային մասի ավելացմանը զուգընթաց:

Առաջնահերթություն 7.

Միջազգային ինտեգրման և հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորությունների ընդլայնումը: Այս նպատակի վերջնարդյունքն է ռազմաքաղաքական դաշինքների և գործընկերությունների զարգացումը՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը:

Մենք մեր հակառակորդի հետ չենք գտնվում քաղաքական վակուումում, այլ շրջապատված ենք տարատեսակ, երբեմն հակադիր օրակարգեր ունեցող պետությունների և միջազգային կազմակերպությունների հանրույթով: Նրանից, թե որքանով ճիշտ կկարողանանք նավարկել միջազգային հարաբերությունների այս հորձանուտով, կախված է արտաքին անվտանգության հարցերում ՀՀ շահերից բխող դիրքորոշումների ձևավորման, մեր բարեփոխումներին աջակցության, մեր բանակի հեղինակության ամրապնդման հաջողությունը:

Մեր գերակա խնդիրն է դաշնակցային և գործընկերային պաշտպանական համագործակցությունը զարգացնելու, բովանդակային և աշխարհագրական պատկերը բազմազանեցնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, միջազգային համագործակցության նպատակաուղղումը բազմակողմ և երկկողմ հարթությունում ռազմաքաղաքական հարաբերությունների, ռազմական և ռազմատեխ­նի­կական համագործակցության ու փոխգործունակության ամրապնդման բաղադրիչ­ների զարգացմանը:

Սա պաշտպանության նախարարի տեսլականն էր Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում պաշտպանության համակարգի և զինված ուժերի համար սահմանված նպատակների, առաջնահերթությունների և գերակա խնդիրների իրագործման վերաբերյալ: Վստահ եմ, որ պաշտպանության համակարգի անձնակազմն իր մասնագիտական խորագիտակության և հմտությունների ոլորտներում կգտնի էլ ավելի արդյունավետ գործնական լուծումներ, որոնք ամբողջարկվելով պետության և բանակի ղեկավարության ուղեցույցում, կապահովեն մեր ընդհանուր առաքելության պատվով կատարումը: Իսկ այս առաքելության կատարման գործում բանիմացության, արդարամտության, նվիրվածության և համախմբվածության կատարելատիպ դառնալու ձգտումը չունի այլընտրանք: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ