Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Ամուլսարում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Ստուգումները լինելու են թե՛ բնապահպանական մասով, թե՛ փաստաթղթերի առումով։ Նախնական 10 աշխատանքային օր է նախատեսված ստուգումների համար»,–հավելեց նա։
Նախարարը դեմ արտահայտվեց Հայաստանում հանքարդյունաբերության նման ծավալներին. «Հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարային չէ։ Հայաստանը կենսաբազմազանական իր հարստությամբ, բնական ռեսուրսներով աշխարհի բնապահպանական կետերից մեկն է, Հայաստանը այդ առումով կարեւոր վայր է, իսկ հանքարդյունաբերության նման ծավալները արդարացված չեն»։
Նա նշեց, սակայն, որ իրավական առումով այդպիսի գործունեությունը չի արգելվում, այլ հարց է բովանդակային մասով։ «Իրավական գործընթացների մասով, թե ինչ է եղել մինչեւ հիմա, Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը կպարզի»,–նշեց Էրիկ Գրիգորյանը։
Խոսելով հնարավոր պատժամիջոցների մասին նա նշեց, որ չպետք է սպառնալիքի լեզվով խոսել. «Կան իրավական գործընթացներ, մեր բոլոր գործողությունները օրենսդրական շրջանակներում ենք իրականացնում՝ խուսափելով ՀՀ–ի համար իրավական, ֆինանսական, տնտեսական, ռեպուտացիոն ռիսկերից»։
Նախարարը հավաստիացրեց՝ Եեթե որեւէ կոռուպցիոն դեպք բացահայտվի, կա իրավական գործընթացներ. «Ընդ որում՝ եղել է կոռուպցիա, թե ոչ, Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը 10 աշխատանքային օրվա կունենա նախնական տեղեկություն, դրանից հետո կկարողանանք ավելի առարկայական խոսել»։
Անդրադառնալով այն մեկանաբանություններին, որ հանքարդյունաբերությունը Ամուլսարում ազդում է ջրի որակի վրա, նա նշեց, որ ունեն բոլոր ելակետային տվյալները, եւ ջրի որակը բավականին լավ է։