News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հավանականությունը զրոյական է՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս նախագիծն ուսումնասիրելու համար հանձնաժողովի ստեղծման մասին խոստումը: Այս մասին հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ հանքավայրի զարգացման նախագծում բազմաթիվ իրարամերժ դրույթներ կան: Բացի այդ, այն հակասում է գործող օրենսդրությանը: Այդպես, եթե համապատասխան հանձնաժողովն իսկապես ստեղծվի, ապա բոլոր այդ բացերը խաչ կքաշեն Ամուլսարի նախագծի իրականացման վրա, վստահ է Սանասարյանը: Այս կապակցությամբ փորձագետը նշեց, որ Lydian Armenia ընկերությանն իրականում ձեռնտու չէ Հայաստանին դատի տալ, եթե նրան մերժեն հանքավայրի մշակման հարցում: Ըստ նրա՝ 500 միլիոն դոլարի ներդրումը, որի մասին ասում է Lydian Armenia-ն, իրականում ուղղված է Ամուլսարի նախագծի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծմանը:

Ինչ վերաբերում է նրան, որ հանքավայրի շնորհիվ հանրապետությունը 5 մլրդ դոլարի եկամուտ կստանա, ինչպես նշվել էր, ապա այս հայտարարությունները խամրում են Ամուլսարի շահագործման հետեւանքով հասցվելիք անդառնալի վնասների համեմատ: «Այդպես, հաշվի առնելով միայն Արփա եւ Որոտան գետերը, ապա տարեկան կտրվածքով մաքուր ջրի կորուստը 1.5 միլիարդ խորանարդ մետր կկազմի»,- ասաց Սանասարյանը՝ ընդգծելով ստորերկրյա ջրերի մակարդակի մինչեւ 60 մետր իջեցման վտանգը:

«Կեչուտի ջրամբարի միջոցով ծանր մետաղներով աղտոտման սպառնալիքի տակ կհայտնվի նաեւ Սեւանա լիճը: Մինչդեռ «Սեւանի մասին» օրենքն ուղղակիորեն խոսում է Սեւանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության արգելման մասին»,- նշեց «Հայաստանի կանաչների միության» ղեկավարը:

Ամուլսարի նախագծում առկա ռիսկերի մասին նշվել է նաեւ հանքավայրի շահագործման դեպքում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում (ՇՄԱԳ, EIA, անգլ.՝ Environmental Impact Assessment): Մասնավորապես, այնտեղ ակնհայտորեն նշվում է, որ այս ծրագրի իրականացումը կենսազանգվածի կրճատման կհանգեցնի: «ՇՄԱԳ-ում ուղղակիորեն մատնանշվում է բուսական եւ կենդանական աշխարհի, ջրային աղբյուրների վրա բացասական ազդեցությունը»,- ասաց փորձագետը:

Բացի այդ, նախագծում նշվում է, որ Ամուլսարի շահագործման դեպքում ազդեցության գոտին կգերազանցի 1945 հեկտար տարածքը: «Հանքը ծանր մետաղներ է պարունակում, ինչպես նաեւ այնպիսի ռադիոակտիվ տարրեր, ինչպիսիք են ուրանը եւ թորիումը: Դրանք չափազանց վտանգավոր են ոչ միայն բուսական եւ կենդանական աշխարհի համար, այլեւ՝ մարդու առողջության՝ նպաստելով քաղցկեղի զարգացմանը, տեսողական եւ շնչառական համակարգի ծանր հիվանդությունների, անպտղության եւ մուտացիաների առաջացմանը», - հավելեց Սանասարյանը:

Ոսկու արդյունահանման համար ցիանիդի օգտագործումը, ըստ բնապահպանի, իրավիճակն էլ ավելի կվատթարացմանը, քանի որ մոլեկուլյար մակարդակում այն փոխգործակցում է ծանր մետաղների հետ՝ դրանով իսկ արագացնելով դրանց՝ շրջակա միջավայրում տարածման գործընթացը:

«Եթե Ամուլսարը գնահատել սեյսմոտեկտոնիկ տեսանկյունից, ապա այս տարածքում հանքաքարի պայթյունները սողանքային գործընթացների կհանգեցնեն, որոնք, մասնավորապես, կվտանգեն Իրան-Հայաստան միջպետական ավտոճանապարհը»,- ընդգծեց Սանասարյանը:

Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ամուլսարում 89.4 մլն տոննա հանքաքարի մշակման դեպքում թափոնների քանակը 464 մլն տոննա կկազմի: Մինչդեռ, ըստ Ընդերքի մասին օրենսգրքի, հանքարդյունաբերական ընկերությունները ազատված են հանքարդյունաբերական թափոնների համար հարկերից, ինչը նրանց թույլ է տալիս կարճ ժամանակում գերշահույթ ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ