News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը զանգվածայնորեն խախտում է սպառողների իրավունքները։ Այսպիսի տեսակետ է հայտնել  «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով, ընկերությունը առնվազն պարտավոր է բնակչությանը ապահովել խմելու ջրի ցիստեռներով, երբ ջրամատակարարումը ընդհատվում է 36-ժամյա նորոգման աշխատանքների պատճառով, հատկապես ոչ ժամանակին ծանուցումների եւ անսպառ պատճառաբանությունների դեպքում։

«Կարող եմ շատ երկար խոսել այս թեմայով՝ այն մասին, թե որքան շատ է «Վեոլիա Ջուր» ընկերությունը խախտում սպառողների իրավունքները»,-նշել է Արմեն Պողոսյանը։

Նա վստահ է, որ եթե հասարակական կազմակերպությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ մոնիթորինգ անցկացնեն, անպայման կպարզեն, որ մայրաքաղաքի տնային տնտեսությունների կողմից խմելու ջրի սպառման ծավալը կրճատվում է այնքան, որքան ավելանում է սաունաներում, ավտոլվացման կետերում եւ ջրավազաններում։

«Սպառողների միության» նախագահը նշել է, որ քաղաքացիներին վրդովեցնում է նաեւ այն, որ վթարները, որոնց մշտապես հղում են անում «Վեոլիա Ջուր» ընկերությունում, կրկնվում են միշտ նույն տեղում։ Միաժամանակ, տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ վթարների ժամանակ ջրի մատակարարումը մասամբ կրճատվում է միայն բազմաբնակարան շենքերի վերին հարկերում, իսկ ներքեւի հարկերը ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ։

«Քաղաքացիները կասկածում են, որ ոչ մի վթար կամ պլանային անջատումներ, նորոգման աշխատանքներ չկան, պարզապես օպերատորը նվազեցնում է ճնշումը, որի պատճառով նվազում է ջրի ճնշումը տնտեսման կամ ջրային համալիրներին ջրով ապահովելու համար»,-նկատել է նա։

Նաեւ, Պողոսյանի կարծիքով, քաղաքացիները դժգոհ են, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մասամբ ժամանակին չի տեղեկացնում ջրանջատումների մասին։ Միաժամանակ, ընկերության 1-85 թեժ գծի օպերատորները սպառիչ պատասխաններ չեն տալիս քաղաքացիների հարցերին։ Ավելին՝ ջրանջատումների դեպքերի մեծամասնության պարագայում թեժ գծում ընդհանրապես չեն պատասխանում զանգերին կամ ձայնային հաղորդագրություններին։

Բացի այդ, Հայաստանում ոչ մի տոնական օր չի անցնում առանց ջրանջատման եւ Սահմանադրության օրը բացառություն չէր։

Տոնական օրերին 1-85 թեժ գծի օպերատորները անհասանելի են, իսկ այն հազվադեպ դեպքերում, երբ քաղաքացիներին հաջողվում է կապ հաստատել նրանց հետ, նրանք նշում են, որ ստիպված են աշխատել։

«Համապատասխան հարցերը ես ուղղել եմ ընկերության տնօրենի օգնական Արման Ալոեւին, բայց ի պատասխան նրա կողմից  վիրավորական հայտարարություն հնչեց, որ ես ու բոլոր հայերը միասին «կլյաուզնիկ» ենք, իսկ ընկերությունը պարտավոր չէ համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ»,-եզրափակեց Արմեն Պողոսյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ