Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստում «Ծառուկյան» խմբակցության նոր պատգամավոր Հրանտ Դավթյանը երդվեց:
Նախքան այդ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի «Ծառուկյան» դաշինքի համապետական ցանկի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն Հրանտ Դավթյանն է:
Հրանտ Դավթյանն ընթերցեց երդման տեքստը.
«Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման եւ բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս,պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ շահերի պաշտպանությանը: Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հրաժարվել էր մանդատից: Վերջինս Մերուժան Սիմոնյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 12 ընտրական տարածքից, եւ քանի որ ընտրական տարածքի բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են գրել, պատգամավորի մանդատը բաժին է հասել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Հրանտ Դավթյանին:
Հիշեցնենք, որ Հրանտ Դավթյանը գործարար է, եղել է ԱԺ պատգամավոր: Նա մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թվականին, սկանդալային մի պատմության շնորհիվ: Հրանտ Դավթյանը հայհոյել էր ու ապտակել ճանապարհային ոստիկանին միայն այն պատճառով, որ ոստիկանը, այսպես ասած, համարձակվել էր կանգնեցնել իր ավտոմեքենան:











