News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մենք քննարկել ենք, որ ՃՈ տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիները փոխհատուցում ստանան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում ՃՈ տուգանքների համաներման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, չվճարված վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների համար համաներում կիրառելը դրական է, սակայն որոշ հարցեր բաց են մնում: «Մի շարք հարցեր են առաջանում գումարի հետ կապված: Ես 2013թ.-ի ակտ եմ ստացել, վճարել, երբ կառավարությունը հայտարարել է համաներման մասին: Մարդիկ են եղել, որոնք վճարել են: Որեւէ մեկը չի կարող վիճարկել, լավ բան է: Բայց եթե 2016, 2017թթ.-ին սոցիալական բաղադրիչն ավելի շատ է, չվճարելու սոցիալական պատճառները շատ են, նրանք, ովքեր վճարե՞լ են, կարողացել են վճարել, անարդարությանը չե՞ն բախվում: Մենք քննարկել ենք այն հարցը, որ բարեխիղճ քաղաքացիները փոխհատուցում ստանան կամ գումարներ վերադարձվեն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ինքն անձամբ շարժական տեսախցիկների վերացման հետ կապված օրինագիծ է դրել շրջանառության մեջ:

Պատգամավորը նշեց, որ մինչեւ 2012թ.-ը բոլոր տույժ եւ տուգանքները ներվել են եւ սա առաջին դեպքը չէ համաներման:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, այս օրինագծով քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,7 մլրդ դրամ է կազմում, իսկ տուգանքներից կազատվի շուրջ 150 հազար անձ:

Օրինագիծը նաեւ մի շարք բացառություններ է նախատեսում, որոնց դեպքում՝ համաներումը չի տարածվում տվյալ անձանց վրա: Մասնավորապես, համաներումը չի կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը խախտել է հետեւյալ կանոնները՝ առանց թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր եւ կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով մեքենա վարելը, հարբած վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգ առ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթեւեկելը եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ