News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մենք ինչ-որ կերպ պետք է անդրադառնանք այն վարորդներին, որոնք ժամանակին վճարել են տուգանքները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում ՃՈ տուգանքների համաներման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ 2010 թվականից ԴԱՀԿ-ում վարչական իրավախախտումների մասին ռեգիստր վարվում է, հստակ երեւում է, թե վարորդների որ մասն է վճարել, որ մասով է գործն ավարտված եւ ինչի համար է ավարտված. «Այդ տեղեկատվությունը ԴԱՀԿ-ից կարող եք ստանալ մի հանձնարարականով»,- նշեց Պողոսյանը՝ դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Նրա խոսքով, ամեն անգամ նմանատիպ համաներոմից հետո լրջագույն խնդիր ենք ունենում, երբ բարեխիղճ վարորդների քանակը պակասում է. «Մարդիկ սպասում են, որ նմանատիպ գործառույթ նորից լինելու է: Սա լուրջ խնդիր է լինելու պետության համար: Ես դեմ չեմ նման օրենքին, բայց մենք ինչ-որ կերպ պետք է անդրադառնանք այն վարորդներին, որոնք ժամանակին վճարել են տուգանքները: Պետք է փոխհատուցենք նրանց ժամանակին կատարված վճարումները: Բարեխիղճ մարդը չպետք է տուժի: Մենք բարեխիղճ վարորդներին գցում ենք ծուղակը, սա նրանց հետագայում դարձնում է ոչ բարեխիղճ վարորդներ»,- ընդգծեց Միհրան Պողոսյանը:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, այս օրինագծով քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,7 մլրդ դրամ է կազմում, իսկ տուգանքներից կազատվի շուրջ 150 հազար անձ:

Օրինագիծը նաեւ մի շարք բացառություններ է նախատեսում, որոնց դեպքում՝ համաներումը չի տարածվում տվյալ անձանց վրա: Մասնավորապես, համաներումը չի կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը խախտել է հետեւյալ կանոնները՝ առանց թույլտվության ավտոմեքենայի վրա կարմիր եւ կապույտ ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաեւ օպերատիվ ծառայություն իրականացնող մեքենաների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը, առանց համարանիշի կամ կեղծված համարանիշով մեքենաներ վարելը, մեքենաների տիրոջ ջողմից համարանիշը այլ անձի հանձնելը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի կանգառ հրահանգին չենթարկվելը, առանց ԱՊՊ կտրոնը փակցնելու երթեւեկելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ