News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում վերջին իրադարձությունները հստակ ցույց են տալիս մի պարզ ճշմարտություն՝ ինչ ցանես, դա էլ կհնձես: Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Գյանջայում տեղի ունեցած անկարգությունները եւ Ադրբեջանի ՆԳՆ-ի երկու գնդապետի սպանությունը:

Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանը իր պատմության մեջ նոր փուլի շեմին է գտնվում: «Արդեն ոչ առաջին տարին է, ինչ խոսվում է այն մասին, որ Ալիեւի ռեժիմն հատել է ադրբեջանական ժողովրդի համբերության բոլոր սահմանները: Ալիեւների դինաստիան, ընդհանուր առմամբ, իշխում է արդեն կես դար՝ 1969 թվականից, փոքր ընդհատումներով: Ստացվում է, որ արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի պետությունն ընդամենը 100 տարեկան է, եւ Ալիեւներն իշխում են այդ ժամանակահատվածի կեսը: Իսկ Իլհամ Ալիեւի օրոք, ինչպես երբեք նախկինում, ծաղկում էին ապրում կոռուպցիան, մարդու իրավունքների տարբեր խախտումները, անհանդուրժողականությունը: Ադրբեջանն արեւելյան միապետությունից վերածվեց ֆաշիստական ​​կազմավորման»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Գյանջայում տեղի ունեցած իրադարձությունները, շարունակեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը, լարվածության բարձր աստիճան են ցուցադրում, թեպետ հենց Ադրբեջանում այդ մասին արգելվում է բարձրաձայնել, եւ իրադարձությունների մեկնաբանմանը որոշակի ուղղվածություն է տրվում: «Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի նման երկրում իշխանության ներկայացուցիչները, եւ, առավել եւս՝ ուժային կառույցները սովորական մարդկանց համար գրեթե կիսաաստվածներ են: Եվ եթե ձեռք է բարձրացվել միլիցիայի ներկայացուցչի վրա, ապա դա շատ բանի մասին է խոսում»,- ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերի նշաններ արդեն եղել էին:

«Օրինակ, Իլհամ Ալիեւը սկսել է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Սա ինքնին ծիծաղելի է հնչում, քանի որ կոռուպցիայի մասին խոսում է մարդը, որը գտնվում է կոռուպցիոն բուրգի գագաթին: Ամենայն հավանականությամբ, սա փորձ էր թեկուզ խոսքով տպավորություն գործել ժողովրդի վրա: Դա չաշխատեց, եւ իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ: Ի պատասխան՝ իշխանությունները կդիմեն ուժային մեթոդների»,- ասաց Բաբայանը:

Խոսելով ցուցարարների գործողությունների մասին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ սա երկար տարիներ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող ատելության քարոզչության արդյունք է: «Երկար տարիներ պետական մակարդակով ատելություն է քարոզվել հայերի նկատմամբ: Ատելությունն ատելություն է ծնում, եւ արդյունքում այն ուղղվեց Ադրբեջանի իշխանությունների դեմ: Պարզ ճշմարտություն է՝ ինչ ցանես, այդ էլ կհնձես»,- եզրափակեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ