News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» անդամ Մխիթար Ավետիսյանն ակտիվ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն ոչ որպես պատգամավորի թեկնածու: Այս մասին այսօր՝  հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ արդեն ազատության լրագրողների հարցերին պատասխանելով:

«Ես ակտիվ մասնակցելու եմ ընտրություններին, սակայն ոչ որպես պատգամավոր, քանի որ գրանցում չունեմ»,-ասաց նա՝ նշելով, որ «Սասնա ծռերի» այլ անդամների ինքը տեսնում է խորհրդարանում:

Լրագրողի հարցին, թե ՊՊԾ  գնդի գրավման օրերին, խմբի անդամները վատ էին արտահայտվում ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, իսկ այժմ գովերգում են նրան, ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, Ավետիսյանն ասաց, որ բոլորն էլ տեսնում են, թե ինչի հետ է կապված այս փոփոխությունը:

«Այն ժամանակ այլ իրավիճակ էր, հիմա այլ իրավիճակ է, միշտ պետք է կարողանաս սթափ գնահատել իրավիճակի փոփոխությունը: Այսօր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլ արեց, հասավ մեծ հաջողության, թավշյա հեղափոխության: «Սասնա ծռերը» ժողովրդի ընտրած թեկնածուին, պարզ է, որ երկու ձեռքով կողմ են եւ պաշտպանելու են»,- ասաց նա:

Նա հավելեց, որ զինված պայքարի էջը «Սասնա ծռերի» կողմից փակված է արդեն Հայաստանում:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ Մխիթար Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց, նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

Տպել
Ամենաշատ