News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես կաշխատեմ  այս կարճ ժամանակահատվածում քաղաքիս վերադարձնել իր դիմագիծը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Ջրառատ թաղամասի բնակչուհի 37 ամյա Լիլիթ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակչուհի 37 ամյա Լիլիթ Ստեփանյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը պատմեց, որ մինչեւ վերջին պահն իր համար անսպասելի էր նշանակումը.

«Ճիշտն ասած, մինչեւ վերջին պահը ես չէի սպասում, որ վարչապետն ինձ կնշանակի, բայց կարծում եմ, որ իմ գործունեությամբ արժանացել եմ նման պատվի, որ ինձ է վստահվել Հրազդան քաղաքի ղեկավարումը: Ես քաղաքական ուժ եմ ներկայացնում, բնականաբար, այնպես պիտի անեմ, որ իմ թիմի կողմից իմ  առջեւ դրված պարտավորություններն ու գործառույթները պատվով կատարեմ: Խնդիրները մեր քաղաքում շատ-շատ են, չկա մի ոլորտ Հրազդանում, որ խնդիր չունենա, բայց ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք:

Ես դեռ քաղաքապետարան չեմ գնացել, քանի որ ինձ դեռ չեն ներկայացրել, բայց ես հստակ գիտեմ, թե ինչից եմ սկսելու իմ գործունեությունը: Ճիշտ է, ես կարճ եմ պաշտոնավարելու, այդ պատճառով երկարաժամկետ ծրագրերից այս պահին չեմ կարող խոսել, բայց խոստանում եմ, որ այդ կարճ ժամանակահատվածում կաշխատեմ անել ամեն ինչ, որ վերադարձնեմ քաղաքիս իր դիմագիծը,,-նշեց Լիլիթ Ստեփանյանը:

Ծնունդով հրազդանցի լինելով՝ քաղաքի խնդիրներին Լիլիթը լավ ծանոթ է, ասում է, որ նախորդ քաղաքապետից ժառանգել է մեղմ ասած. «Անմխիթար քաղաք»:

Խնդիրները դասակարգել չի կարող, քանի որ բոլորն էլ կարեւոր են, բայց տեսանելի, վիզուալ  խնդիրներ կան, որոնք առաջնային լուծում են պահանջում. «Ամեն օր ես երթուղային տաքսիներով, տրանսպորտով աշխատանքի եմ գնում: Ճանապարհների վիճակն ուղղակի անտանելի է: Ես միշտ կատակով ասել եմ, որ քաղաքին ավելի շուտ նավապետ է պետք, քան քաղաքապետ: Աղբահանությունը անտանելի վիճակում է գտնվում, մանավանդ էս շոգ եղանակին ուղղակի անտեսել այդ ոլորտը անմարդկային է:Ես պատրաստ եմ աշխատել բոլոր այն մասնագետների հետ, ովքեր կոմպետենտ են, ովքեր հոգատար են»,- նշեց քաղաքապետը:

Լիլիթ Ստեփանյանի կարծիքով, կին ղեկավարներն ավելի հոգատար են, քանի որ մայրաբար են վերաբերում խնդիրներին. «Եթե Եվրոպական փորձին նայեք, կտեսնեք, որ շատ ոլորտներ կան, որտեղ հատկապես կանանց են նշանակում, քանի որ կինը իր գործին էլ վերաբերում է ինչպես իր տանը: Եթե հետեւել եք իմ էջին, կտեսնեք, որ ես բալիկ ունեմ: Շատ թե քիչ կարողանում եմ վարել իմ փոքրիկ տնտեսությունը: Կարծում եմ, քաղաքին էլ կվերաբերեմ ինչպես իմ տանը: Կանայք, ինչպես տանը չեն հանդուրժում փոշու հատիկ, բնականաբար, քաղաքի հանդեպ էլ չեն հանդուրժի: Կնոջ հոգատարությունը ավելի մեծ է կարծում եմ»:

Շատերը Հրազդանում Լիլիթին չեն ճանաչում, ուստի նրա նշանակման վերաբերյալ կարծիքները հակասական են:Ոմանք գտնում են, որ պետք է նշանակվեր հանրությանը ծանոթ եւ իր գործունեությամբ որոշակի ճանաչում ունեցող մարդ, իսկ մի մասն էլ Լիլիթի նշանակումը պրոֆեսիոնալ, համաչափ եւ ճիշտ են համարում: Ինքը՝ Լիլիթը, նշում է. «Ես երբեք չեմ փորձել իմ գործունեության մասին բարձրաձայնել այս կամ այն հարթակներում, բայց եթե վարչապետի կողմից նման ուշադրության եմ արժանացել, նշանակում է իմ աշխատանքով ապացուցել եմ, որ կարող եմ եւ այս աշխատանքը կատարել»,-ասաց նա:

Լիլիթը դեռ չի որոշել՝ քաղաքապետի առաջիկա արտահերթ ընտրություններում կառաջադրվի, թե ոչ:

Նշենք, որ Լիլիթ Ստեփանյանը սովորել եւ ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը, ապա նաեւ նույն բաժնի մագիստրատուրան եւ ասպիրանտուրան, 2016թ-ին պաշտպանել է գիտական ատենախոսություն եւ դարձել քաղաքական գիտությունների թեկնածու: 2007թ-ից աշխատում է Կրթության Ազգային ինստիտուտի Կոտայքի մարզային մասնաճյուղում՝ նախ որպես մասնագետ, գլխավոր մասնագետ, փոխտնօրեն, իսկ վերջին վեց ամիսներին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2017 թ-ի մայիսից հանդիսացել է նաեւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնականը: Անկուսակցական է:

Տպել
Ամենաշատ