News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ  Վերին Լարսում մեքենաների կուտակումների խնդիրը մոտ օրերս կլուծվի: NEWS.am-ի հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ խնդիրն առաջացել է ինչպես վրացական անցակետում ներդված նոր համակարգի, այնպես էլ տուրիստական սեզոնի հետ  կապված մեծ հոսքերի հետ:

«Վրացական կողմի տերմինալում այս պահին գտնվում է 40 մեքենա, իսկ ճանապարհներին հերթեր չկան: Ռուսական կողմից, 2 օր առաջվա դրությամբ, հերթը 1.5 կիլոմետրով ավելացել է, սակայն թողունակությունը կազմում է 4-5 ժամ, այսինքն՝ կանգնած վերջին մեքենան 4-5 ժամում անցնում է»,- ասաց փոխնախարարը:

Փամբուխչյանի խոսքով՝ վրացական անցակետում հերթն ավելացել էր այն պատճառով, որ Ռուսաստանից Վրաստան ժամանող տուրիստների թիվն է ավելացել, նաեւ Հայաստանից դուրս եկող բեռնատարների թիվն է շատ, քանի որ ծիրանի արտահանումն է մեծացել: Այս խնդիրներին ավելացել է վրացական անցակետում նոր համակարգի ներդրումը, որը նույնպես ազդեցություն ունեցավ հերթերի գոյացման վրա:

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նախարարությունում գործում է թեժ գիծ, վարորդները կարող են զանգահարել եւ առաջացած խնդիրների մասին տեղեկացնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շուրջ 10 օր է, որ հազարավոր հայկական համարանիշներով բեռնատարներ են կուտակված, որոնց մի մասը բեռնված է գյուղմթերքով:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը NEWS.am-ին հայտնել է, որ Լարսում հայկական բեռնատարների կուտակումը կապված է վրացական անցակետում ներդված նոր համակարգի հետ, որը ենթադրում է հերթի ամրագրում:

Բեռնատարների հայ վարորդները բողոքում են, որ տանջված ու անքուն գերի են ընկել. «Էստեղ գերի ենք ընկել, ոչ թողնում են գնանք առաջ, ոչ էլ՝ գնանք տուն: Մարդիկ գալիս առանց հերթի գնում են, հերթին չեն հետեւում: Սարի տակից հերթ ենք պահում, հասնում ենք էստեղ, դառնում է առանց հերթ։ Վրացական մեքենաներն առանց հերթի անցնում են»։

Տպել
Ամենաշատ