News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում համակրանքով են ընդունել Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Այս մասին հուլիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը:

«Ֆրանսիայում հեղափոխություն բառը վախի չի ներշնչում: Այն, ինչ տեղի ունեցավ գարնանը Հայաստանում, շատ դրական է ընդունվել Ֆրանսիայում: Լրատվամիջոցները մեծ համակրանքով արձագանքեցին Հայաստանի իրադարձություններին: Առաջին հերթին, իրադարձություններն անցան շատ խաղաղ մթնոլորտում: Ֆրանսիացիները ոչ մի անգամ վտանգ չզգացին Հայաստանում: Դիտորդները եւս արձանագրել են, որ դեպքերը տեղի ունեցան առանց արտաքին միջամտության: Երեւանում, Գյումրիում, Վանաձորում մարդիկ դուրս էին եկել փողոց: Ոչ թե կուսակցություններր, ոչ թե  քաղաքական խմբերը, այլ՝ քաղաքացիները: Ամեն ինչ համապատասխանում էր Սահմանադրության տառին, լավ կազմակերպված եւ վերահսկելի հեղափոխություն»,- ասաց դեսպանը:

«Դրանում  է պատճառներից մեկը, որը վարչապետի եւ Ֆրանսիայի նախագահի երեկվա հանդիպումը տեղի ունեցավ ջերմ մթնոլորտում: Սա առաջին հանդիպումն էր եւ անցկացվում էր հոկտեմբերին նախատեսված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախօրեին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակներում»,- ասաց դեսպանը: Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նոր դինամիկա են հաղորդում երկկողմ հարաբերություններին:

«Ֆրանսիայում բոլորը հետեւում են Հայաստանում բարեփոխումներին, կոռուպցիայի, օլիգարխիկ կառույցների եւ մենաշնորհների դեմ պայքարին: Սա շատ կարեւոր ուղերձ է Հայաստանի բոլոր գործընկերների համար: Այն, ինչ կատարվեց գարնանը Հայաստանում, Ֆրանսիայում ընդունվել է համակրանքով եւ դրականորեն: Նաեւ դրական տեսակետ է ձեւավորվել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի մասին»,- եզրափակեց դեսպանը՝ հավելելով, որ այս գարունը չափազանց կարեւոր էր եւ նա հույս ունի, որ աշունը նույնքան բացառիկ կլինի՝  ի նկատի ունենալով Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովը, որին տասնյակ պետությունների ղեկավարներ կհավաքվեն:

«Կարծում եմ, որ բոլորն են ցանկանում գալ Հայաստան, տեսնել այն երկիրը, որը կարողացավ խաղաղ հեղափոխություն իրականացնել: Իսկ ֆրանկոֆոնիան ավելին է, քան ֆրանսերեն խոսելը: Սա մի ամբողջ ընտանիք է, որը ընդհանուր մշակույթ է կիսում», - ասաց Լակոտը:

Էմանուել Մակրոնի՝ Հայաստան գալու ծրագիրը դեռ վերջնականապես չի ճշտվել: «Մեր պատկերացմամբ՝ զգալի մասը նվիրված կլինի մշակույթին եւ երիտասարդությանը»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ուժեղ պատմական ժառանգության վրա:

«Սակայն վերջին իրադարձությունները պետք է մեզ տրամադրեն համագործակցության նոր ուղղություններ փնտրելուն: Հայաստանի էներգետիկան պետք է լիցքավորի մեզ, եւ ես շատ լավատես եմ այդ իմաստով»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ վերջին շրջանում ֆրանսիացի զբոսաշրջիկների եւ գործարարների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամաբ մեծացել է: «2018-ը իսկապես Հայաստանի տարին է»,- ասաց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ