News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օրերս համացանցում հայտնվել է Երեւանի Հաղթանակի այգում վանդակի մեջ պահվող կարմիրգրքյան գիշատիչ թռչնի լուսանկարներ, հաղորդում է EcoNews.am-ը,  որը շարունակում է ներկայացնել ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ դրսեւորվող դաժան վերաբերմունքի մասին տեղեկատվություն:

Ահազանգն անմիջապես գրավել է Հայաստանի կենդանասեր եւ կենդանապաշտպան հասարակության ուշադրությունը: Լուսանկարում բվեճ (Bubo bubo) է, որը ՀՀ Կարմիր գրքի տվյալների համաձայն, սակավաթիվ ու խոցելի տեսակ է:

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a; C2a(i); D1: Բնադրում է տարբեր գոտիներում` կիսաանապատից մինչեւ լեռնային տափաստաններ ծ.մ. 2700 մ բարձրություններում: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: 

Իռեն Այվազյան անունով օգտատերը գրում է. «Ծանոթացեք, մոնումենտի բուն է: Մի աչքը բորբոքված, առանց կեր ու ջուր ու շատ փոքր վանդակի մեջ: Օրեցօր հարյուրավոր մարդիկ անցնում են իրա կողքով ու ժպտում իրան. «Վայ, բալես նայի ինչ սիրուն ծիտիկ ա» կամ «Հլը վիզը ոնց ա ֆռում»: Ու շատ քչերն են, որ իրոք նկատում են, թե ոնց ա տանջվում թռչունը: Ավելի ճիշտ կլիներ, որ գայիք ու կողքս կանգնած իմ հետ հավասար իր աչքերի մեջ նայեիք: Ես տենց տխուր ու անցորդների մեջ օգնություն փնտրող աչքեր շատ շուտվանից չէի տեսել: Գամված էր մի տեղում ու չէր շարժվում: Չնայած ուր շարժվեր... վանդակի մյուս ծայրը»:

Բվեճների վտանգման հիմնական գործոններից է մարդու կողմից ուղղակի հետապնդվելը: Բազմաթիվ են անազատ պայմաններում պահելու կամ խրտվիլակներ պատրաստելու նպատակով բվեճին բռնելու դեպքերը, թունաքիմիկատների օգտագործման պետական մակարդակով անվերահսկելիությունը, ինչպես նաեւ բնական բիոտոպերի` կերակրավայրերի յուրացումը գյուղատնտեսական կարիքների համար: 

Թռչնատեսակը գրանցված է CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում: Պահպանվում է պետական մի շարք արգելոցներում եւ արգելավայրերում:

Նշենք, որ անազատ եւ կիսազատ պայմաններում կենդանիներ պահելու պայմանների համապատասխանությունը ՀՀ-ում գործող օրենքին պետք է ստուգի ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, ուստի հրավիրում ենք վերոնշյալ կառույցի ուշադրությունը: 

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ տեսուչները գնացել են ահազանգի հետքերով, կատարել են ուսումնասիրություններ: Նախնական պայմանավորվածության համաձայն, վաղը եռակողմ համաձայնությամբ, թռչունը կտեղափոխվի Երեւանի կենդանաբանական այգի:  Կարգավորող օրենքում նախատեսվում են էական փոփոխություններ, որոնք պետք է նաեւ ավելի խիստ կանոնակարգեն անազատ եւ կիսազատ պայմաններում պահվող կենդանիների պահման նպատակներն ու պայմանները:

Տպել
Ամենաշատ