News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ-ում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Միշելին ջերմ հյուրընկալության համար: Աֆղանստանում խաղաղության եւ կայունության միջազգային ջանքերին նվիրված այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար պատվաբեր է:

Խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաեւ ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը: Ինչպես գիտեք, Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով:

Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանի հասարակության հասունության հստակ դրսեւորումն էր, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին նրա հանձնառության գրավականը:

Տիկնայք եւ պարոնայք,

Այսօրվա հավաքը վերստին կարեւորում է միջազգային անվտանգության խնդիրները եւ այդ հարցում առկա կոլեկտիվ մոտեցումը պահպանելու անհրաժեշտությունը: Մեզ բոլորիս համախմբում է ամուր հավատն ու պատրաստակամությունը՝ խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն բերելու Աֆղանստանի բարեկամ ժողովրդին:

Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության` պետականաշինության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ջանքերը: Դա հնարավոր չէր լինի առանց Աֆղանստանի ժողովրդի, բանակի եւ անվտանգության ուժերի անմնացորդ նվիրվածության եւ զոհողության: Այնուամենայնիվ, դեռեւս շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացն անշրջելի դառնա:

Որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով, Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերին:

Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում եւ բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկում: Հետեւաբար, մենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչն անչափ կարեւոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ:

2010 թվականից ի վեր Հայաստանը նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը, նախ` Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժեր գործողության (ISAF), այնուհետեւ` «Վճռական Աջակցություն առաքելության» շրջանակներում: Մենք գնահատում ենք արդյունավետ համագործակցությունը Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ, ինչը, իմ կարծիքով, ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների միջեւ գործընկերության լավագույն եւ ամենավառ օրինակներից է:

Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներգրավվածությունն առաքելությանը մինչեւ 130 հոգանոց զորախմբով: Մենք նաեւ հայտնել ենք մեր պատրաստակամությունը, մասնակցելու ՆԱՏՕ-ի Կայուն գործընկերության առաքելությանը, երբ այն գա փոխարինելու Կայուն աջակցություն առաքելությանը:

Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ եւ Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացին: Ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ մենք կշարունակենք աջակցել բարեկամական Աֆղանստանում համակողմանի խաղաղություն, բարգավաճում եւ կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ