News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հագեցած, հանդիպումներով լի օր է ունեցել Բրյուսելում: ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հավաքի շրջանակում նա հասցրել է հանդիպել ԵՄ անդամ պետությունների, Եվրամիության ղեկավարների հետ, նաեւ շնորհավորանքներ է ստացել Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ասել է՝ ոգեւորված են հայաստանյան զարգացումներով եւ պատրաստ են աջակցել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին: ԵՄ-ի անունից բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Եվրոպայի Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Ինչ վերաբերում է երեկվա հանդիպումներին. վարչապետը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո հետաքրքիր ծանոթություն է ունեցել, որի մասին գրել է Facebook-ում: Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է իր պատվիրակության հայազգի անդամի հետ: Պարզվել է՝ նա միայն մեկ հայերեն բառ գիտի:

Բրյուսելում կայացավ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Մնացականյանի առաջին հանդիպումն էր ադրբեջանցի պաշտոնակցի հետ: Այն ավելի շատ ճանաչողական էր, դրա մասին տեղեկատվությունն էլ, ինչպես միշտ, զուտ պաշտոնական: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո խաղաղության գործընթացի կարեւորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: Ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ էլ եռանախագահները տեղեկացրել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին: Ավագանին այսօր որոշումը կայացրեց ձայների 35 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Մինչեւ օրակարգի միակ հարցը քվեարկության դնելը «Ելք»-ն առաջարկեց ընտրության օրը նշանակել օգոստոսի 8-ին: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ Տարոն Մարգարյանը միտումնավոր է հուլիսի 9-ին հրաժարական ներկայացրել: Խաժակյանը բացատրեց, որ եթե հուլիսի 16-ին է քաղաքապետի ընտրությունն ու այդ օրը ոչ ոք չի ընտրվում, նշանակում է՝ ավագանու արտահերթ ընտրությունները կլինեն օգոստոսին, ինչը չափազանց անբարենպաստ է քարոզարշավի համար:

Կամո Արեյանը չհամաձայնվեց. օրենքով սահմանված է, որ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո 1-ամսյա ժամկետում ավագանին կարող է ընտրությունը կազմակերպել ցանկացած օր: Սա հունից հանեց «Ելք»-ի անդամներին:

Ինչպես եւ կարելի էր սպասել՝ «Ելք»-ի առաջարկը չընդունվեց: Թե՛ նիստի ժամանակ, թե՛ դրանից հետո ավագանու Հանրապետական խմբակցության անդամներն այդպես էլ չմեկնաբանեցին Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառները: Այնուամենայնիվ, ամենաօրիգինալը Լեւոն Իգիթյանի պատասխանն էր:

Հանրապետականները հրաժարվեցին խոսել նաեւ հուլիսի 16-ի իրենց ծրագրերից: Այս պահին հայտնի չէ՝ ավագանու իշխող խմբակցությունը թեկնածու կառաջադրի՞, թե՞ ոչ: «Ելք»-ը նույնպես փակագծերը չբացեց, սակայն, շտապեց կարծիք հայտնել, որ Հանրապետականը թեկնածու չի առաջադրի:

«Երկիր Ծիրանին», փաստորեն, միակն էր, որ դեռ նիստի ժամանակ հայտարարեց, որ քաղաքապետի թեկնածու են առաջադրելու: Ամենափոքր խմբակցության թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: Մարինա Խաչատրյանը բացատրեց՝ ինչու հենց նա: Փոստանջյանն էլ իր հերթին նշեց, որ ավագանու արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, իսկ ՀՀԿ-ն, նրա համոզմամբ, հուլիսի 16-ին թեկնածու չի առաջադրի:

Յուրի Օգանեսովը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել էր աշխարհահռչակ ֆիզիկոսին եւ հայտնել, որ նրան քաղաքացիություն է շնորհել, հուլիսի 11-ին էլ հրամանագիրը ստորագրել է հանրապետության նախագահը: Նշենք, որ Յուրի Օգանեսովը հայտնի ֆիզիկոս է, ակադեմիկոս: Նա նոր տարրերի արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է, աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային եւ արագացուցչային տեխնիկային: Յուրի Օգանեսովի պատվին Մենդելեեւի քիմիական տարրերի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը կոչվել է «օգանեսոն»՝ Og նշանով:

Երեւանի 7 կառույցներ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ են ստացել: Այդ ցանկում է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, որի ապամոնտաժման որոշման դեմ մի շարք ճարտարապետներ տեւական ժամանակ է՝ պայքարում են: Փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ հուշարձանի կարգավիճակ են ստացել նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, Հրազդան մարզադաշտը, Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը՝ Կասկադը, Երեւանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանը, ինչպես նաեւ մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանն ու «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը՝ իրենց նախնական տեսքով:

Հուլիսի 12-ին դոլարն ու եվրոն շարունակել են արժեզրկվել: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 7 դրամ 75 լումա, ֆունտինը՝ 636 դրամ:

Հուլիսի 13-ին հանրապետության հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 6-8 աստիճանով կնվազի: Երեւանում առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +25+27, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ