News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պետական եկամուտների կոմիտեն մաքսային մարմինների աշխատանքում հստակ տարանջատում է մտցրել ինվոյսային գների եւ հսկիչ գների կիրառման համակարգում: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, իրենք չեն կարող լրիվ հրաժարվել հսկիչ գներ կիրառելու պրակտիկայից, քանի որ ԵՏՄ-ի շրջանակներում պարտավորություն ունեն որոշ դեպքերում կիրառել հսկիչ գներ. «Բայց մենք հսկիչ գների շտեմարանը թարմացնելու խնդիր ունենք: Այսինքն խնդիրը ոչ թե հսկիչ գների կիրառման մեջ է, այլ ոչ շուկայական հսկիչ գներ կիրառելու»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նա տեղեկացրեց, որ ավտոմեքենաների ներմուծման դեպքում առավելապես կիրառվում են ինվոյսային գները, բացառություն են կազմում Վրաստանից ներմուծվող ավտոմեքենաները, քանի որ շատ հաճախ այդ գներն արժանահավատ չեն:

Մասնավորապես, ըստ Դավիթ Անանյանի, վերջերս մեկը Վրաստանից 2013 թվականի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա էր ցանկանում ներմուծել եւ ինվոյսային գին էր ներկայացրել 87 դոլար: Ընդ որում, մեքենան գնել էր աճուրդով. «Դա կոնկրետ դեպք է: Դրա համար մենք ավելի ուշադիր ենք Վրաստանից եկող մեքենաների ինվոյսային գների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ից ու Ճապոնիայից բերվող ավտոմեքենաների մասով խնդիրներ չենք ունեցել: Դրա համար մենք ինվոյսային գների հարցում վերադասավորում ենք իրականացրել, որ դրանք պետք է լինեն հսկիչ գնի առնվազն 70 տոկոսը»:

Դավիթ Անանյանը նաեւ ընդգծեց, որ հիմա փոխել են մեթոդիկան. «Մենք ինվոյսի գնով ընդունում ենք, բայց հետո ստուգում ենք:  Մենք պարտավոր ենք ինվոյսով ձեւակերպել, հետագայում, սակայն, հետբացթողումային գործընթացի շրջանակներում կպարզվի՝ այդ ինվոյսի կեղծ լինել-չլինելու հարցը»:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ որոշել են վերաբացել նախաբացթողումային վարչությունը, բայց միաժամանակ ներքին հակակշիռների համակարգ են ձեւավորելու, որ նախաբացթողումային եւ հետբացթողումային վարչությունները մեկ բեւեռից չկառավարվեն:

Տպել
Ամենաշատ