News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ԱԺ խմբակցությունների Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի նիստին արձանագրվեց, որ բոլորիս ցանկություն է ունենալ ԸՕ մեկ նախագիծ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13–ին լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ, վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ, իհարկե, չի կարելի բացառել այլ նախագծերի գոյությունը։

«Կոնսենսուսը այն ուղենիշն է, որին ձգտում ենք մենք բոլորս։ Այնուամենյնիվ, բոլորը ընդունում են, որ կարող է կոնսենսուս լինել հայեցակարգի կամ օրինագծի, ասենք, 90 տոկոսի շուրջ, եւ այնտեղ կարող են լինել հարցեր, որոնց շուրջ առանձին քաղաքական ուժեր այլ դիրքորոշում ունենան»,–նշեց նա։

Դիտարկմանը, որ կան հարցեր, ինչպես, օրինակ, ընտրական շեմը նվազեցնելու առնչությամբ, որոնց շուրջ կոնսենսուս դեռ չկա, Միրզոյանը նշեց. «Ես լավատես եմ»։

Առաջին փոխվարչապետը հույս հայտնեց, որ բոլորը գիտակցում են՝ պետք է այնպիսի փոփոխություններ անել, որոնք հնարավոր են իրականացնել կարճ ժամկետներում։

Խոսելով տարածքային ցուցակներով ընտրակարգի շուրջ ՀՀԿ–ի պնդումներին, նա նշեց, որ ոչինչ «քարին գրված չէ». «Պետք է այնպիսի լուծումների գնալ, որից կշահի ՀՀ քաղաքացին։ Ամեն առաջարկ քննարկելի է։ Ես ռեյտինգային ընտրակարգով եմ ընտրվել եւ տեսնում եմ այն առավելությունները, որ այն ունի, բայց միաժամանակ տեսնում եմ դրա թերությունները եւ ռիսկերը։ Մասնավորապես, խոսքը բազմաթիվ բիզնես շահեր ունեցող պատգամավորներին  նախապատվություն տալու տենդեցի մասին է։ Սա հաշվի առնելով՝ կարծում եմ՝ ճիշտը համամասնական ընտրակարգն է»։

Միրզոյանը շեշտեց՝  ԸՕ նախագծի մշակման ժամանակ հաշվի է առնվելու ոչ միայն խորհրդարանական ուժերի կարծիքները, որոնցից 3-ը կոալիցիայի անդամ են, այլ նաեւ արտախորհրդարանական եւ քաղաքացիական ուժերի կարծիքները։

Նա հավելեց՝ իրենց համար կարեւոր է, որ նախագիծը ունենա լայն համաձայնություն եւ որակական առումով լինի լավը, ով կլինի հեղինակը՝ կարեւոր չէ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ