News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մենք չենք ցանկացել լուսանցքում թողել այն ուժերին կամ ուժին, որը չի ցանկացել մասնակցել Ընտրական օրենսգրքի  նախագծի բարեփոխման կառավարական ֆորմատին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ, վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է վարչապետին առընթեր հանձնաժողով ունենալու նպատակը, եթե խորհրդարանում կա այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբ։     

«Էական չէ՝ որ մարմնին կից է գործում հանձնաժողովը։ Մենք նախաձեռնել ենք պրոցես, դա ֆիքսված է եղել կառավարության ծրագրում, բնականաբար, կառավարությունն է դրա տերը, կառավարությունը պետք է նախաձեռնի: Մենք նախաձեռնել ենք, կոնսուլտացիաներ ենք իրականացրել, այդ թվում՝ ԱԺ–ում ներկայացված 4 քաղաքական ուժերի հետ։ Բայց քանի որ չենք ուզել նաեւ լուսանցքում թողել այն ուժերին կամ ուժին, որը չի ցանկացել մասնակցել այդ ֆորմատին, ասել ենք՝ կարող եք առանց մեզ հավաքվել, քննարկել, հետո միասին կքննարկենք արդյունքները»,–եզրափակեց նա։

Անդրադառնալով միջադեպին, երբ վարչապետին առնթեր հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշել էր, որ իրենք մասնագիտական հանձնաժողով են, որին ի պատասխան ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը հայտարարել էր՝ դուք պետք է գրեք այն օրենսգիրքը, որը ներկայացնում են քաղաքական ուժերը, ոչ թե ձեր օրենսգիրքը ներկայացնեիք, առաջին փոխվարչապետը նկատեց. «Ես կառավարության այդ հանձնաժողովին շատ մասնագիտական չէի համարի, ամեն դեպքում պաշտոնական անվանման մեջ մասնագիտական բառը չկա: Խոսքը շատ կարեւոր քաղաքական խնդրի մասին է եւ մասնակցող մարդիկ նաեւ քաղաքական ուժի ներկայացուցիչ են: Կառավարությունն էլ քաղաքական ուժերից է չէ՞ բաղկացած: Այդպես չի կարելի ասել՝ մասնագիտական եւ քաղաքական, այդպիսի սահմանազատումը տեղին չէ՝ իմ համոզմամբ»:

Արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հարցում Միրզոյանը հույս հայտնեց, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ այն ժամկետներում, որ նշված է կառավարության ծրագրում, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում, իսկ հիմա արդեն 10 ամսում:

Տպել
Ամենաշատ