News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անգլիայի հյուսիսում գտնվող դպրոցը հարկադրանքով ամուսնությունների դեմ պայքարում է մետաղական գդալների միջոցով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գդալները բաժանում են Լիդսի Կոոպերատիվ ակադեմիայի աշակերտուհիներին՝ այն ներքնաշորի մեջ դնելու հրահանգով, եթե կասկածում են, որ իրենց արտասահման են տանում ամուսնանալ ստիպելու համար:

Դպրոցի ղեկավարության մտահղացմամբ՝ օդանավակայանում զննելիս մետաղորսիչը կարձագանքի գդալին, եւ երբ դեռահասին մի կողմ տանեն՝ հասկանալու համար դետեկտորի գործելու պատճառը, աղջիկը կարող է անվտանգության աշխատակիցներին հայտնել, թե ինչ է տեղի ունենում:

Դպրոցի ուսուցչուհիներից Հարինդեր Քաուրն ասում է, որ այսպիսի գդալները կարող են փրկել աշակերտուհիների կյանքը:

Նրա խոսքով՝ բրիտանական ամուսնությունների 80 տոկոսը հարկադիր կնքվում է արտասահմանում, հատկապես ամառային արձակուրդների ժամանակ:

Մեծ Բրիտանիայում 2014 թվականին ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ ամուսնության հարկադրելը քրեական հանցագործություն է: Նման դեպքերում ծնողներին սպառնում է մինչեւ 7 տարվա բանտարկություն:

2017 թվականին Բրիտանիայում բռնի ամուսնությունների կանխման կառավարական ստորաբաժանումը գրանցել է այդպիսի 1200 դեպք: Իրավապաշտպանների խոսքով՝ իրականում խնդրի ծավալը զգալիորեն մեծ է:

Գերատեսչության տվյալներով՝ հարկադիր ամուսնության համար աղջիկներին եւ կանանց առավել հաճախ տանում են Պակիստան, Բանգլադեշ, Հնդկաստան եւ Սոմալի:

Մոտ 30 տոկոս դեպքերում խոսքը 18 տարեկան չդարձած դեռահասների մասին է: Յուրաքանչյուր 6-րդ դեպքում երեխան 15 տարեկանից մեծ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ