News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դեռ որոշում չի ընդունել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ ընտրական գործընթացները չպետք է խոչընդոտեն Երեւանի 2800-ամյակին նվիրված տոնակատարություններին:

«Ինչպես տեսնում ենք՝ ավագանին չի կարող բնականոն հունի մեջ մտնել, եւ պետք է ողջամիտ մոտենալ այս հարցերին եւ ամեն ինչ անել ի շահ քաղաքի: Ընտրություններ անցնկացնելու նպատակը պետք է օբյեկտիվորեն կապված լինի սրա հետ: Պետք է չվարանել ու կտրուկ որոշումների գնալ։ Եթե անհրաժեշտություն կա նոր ընտրությունների, պետք է օր առաջ դա կազմակերպել եւ հնարավորություն տալ երեւանցուն միջամտել ու ստեղծված իրավիճակում լուծում տալ»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։

Նա նաեւ շեշտեց, որ պետք է հավասար մրցակցային պայմաններ ստեղծվեն բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կմասնակցեն ընտրություններին:

«Պետք է պարզապես հավասար հնարավորության դաշտ ստեղծել, որ բոլորը կարողանան մասնակցել ընտրություններին, եւ դրանք լինեն անխոցելի, վստահելի արդյունքներով: Մենք մի խնդիր ունենք. այս տարի Երեւանի 2800-ամյակն է, եւ կարծում եմ, որ դա հնարավորություն է՝ աշխարհին ցույց տալու մեր ով լինելը, եւ սա չպետք է տուժի։ Ըստ իս՝ պետք է բոլոր ծրագրերն այնպես անել, որ այս միջոցառումը լինի հավուր պատշաճի»,- ասաց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետին. պատգամավորի կարծիքով՝ նոր քաղաքապետը պետք է կարողանա պատասխանատվություն ստանձնել:

«Պետք է այն անձը լինի քաղաքապետ, որը կկարողանա համախմբել բոլորին՝ ներկա մարտահրավերները նկատի ունենալով, եւ ծրագրեր իրականացնի: Պետք է լինի այնպիսի անձ, որը կկարողանա պատասխանատվություն ստանձնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել
Ամենաշատ