News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փաստաբան Նորայր Նորիկյանը հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտելու վերաբերյալ բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

«Մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները շատ լավ հնարավորություն են ստեղծել հանրային կյանքի բոլոր բնագավառներում իրապես հաստատել օրինականություն:

Մշտապես եղել ու մնում եմ այն համոզմանը, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը լրջագույն խնդիր է, և իրավասու մարմինները պարտավոր են ապահովել այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Որպես ՀՀ քաղաքացի և ճանապարհային երթևեկության ամենօրյա մասնակից, հանգել եմ այն տխուր հետևությանը, որ մենք չունենք ճանապարհային երթևեկության և անվտանգության ապահովման մշակույթ:

Մեզանից յուրաքանչյուրը յուրովի, իր արժեհամակարգին համապատասխան, հնարավորինս հաճախ ու պարբերաբար կամա թե ակամա խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները: Մի կողմից այն խոսում է անհրաժեշտ գիտելիքների բացակայության, մյուս կողմից՝ օրենքը համառորեն չհարգելու և անտեսելու մասին:

Կարծում եմ, որ ժամանակն է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրականացնել արմատական փոփոխություններ՝ նախևառաջ մշակույթի ձևավորման տեսանկյունից:

Որպես վարորդ՝ ամեն օր ականատես եմ լինում տասնյակ դեպքերի, երբ հետիոտներն ուղղակիորեն խախտելով երթևեկության անվտանգության կանոնները, փողոցներն անցնում են չթույլատրվող հատվածներով՝ ստեղծելով իրական վթարային վիճակներ, որոնք երբեմն ավարտվում են ողբերգական ելքերով:

Ով ինչպես ուզում է և որտեղով ցանկանում է, անցնում է փողոցները: Սա ուղղակի անթույլատրելի, հակաօրինական երևույթ է, որը պետք է արմատախիլ արվի և շատ արագ:

Տառացիորեն երկու օր առաջ ականատես եղա, թե ինչպես իմ ավտոմեքենայի առջևից ընթացող «OPEL» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաշքով արգելակեց ավտոմեքենան, երբ անսպասելի չթույլատրվող հատվածից երիտասարդ կինը մանկասայլակով, որի մեջ գտնվում էր անչափահաս երեխան, փորձում էր անցնել փողոցը: Համոզված եմ, որ իրավախախտ հետիոտնը լրջագույն սպառնալիք է երթևեկության անվտանգության, ինչպես նաև երթևեկության մասնակիցների համար, այդ թվում և իրենց:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով ամրագրված են հետիոտների հիմնական պարտականությունները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված կարգով հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Իհարկե՛, իրավական կարգավորման մեխանիզմներն առկա են: Միաժամանակ ըմբռնումով կարելի է մոտենալ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների դրսևորած վարքագիծը հետիոտների նկատմամբ:

Սակայն ակնհայտ է, որ այս ոլորտում պետք է իրականացվի վիրահատական միջամտություն՝ խնդիրը լուծելու համար:

Սույն բաց նամակով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել խնդրի վրա՝ ակնկալելով Ձեր կողմից գործուն քայլեր՝ խնդիրը լուծելու և ճանապարհային երթևեկության ոլորտում հետիոտների կողմից վերը նշված իրավախատումներն արմատախիլ անելու հարցում:

Սույն նամակը կուղարկվի Ձեզ նաև պաշտոնապես՝ ակնկալելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխան՝ իրականացված կամ ձեռնարկվելիք քայլերի մասին»,- ասվում է փաստաբանի բաց նամակում:

Տպել
Ամենաշատ