News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից պատրաստվող ամենակարեւոր փոփոխությունը Երիտասարդության մասին օրենքն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը։

«Մինչ այս ունեինք երիտասարդական քաղաքականության հայեցակարգ, ինչպես նաեւ ռազմավարություն, բայց դրանք արձանագրային որոշման հիմքով ստեղծված փաստաթղթեր էին, իրավական ուժ չունեին, այդ պատճառով կառավարության կողմից պահանջ կա, որ նախաձեռնենք եւ ընդունենք երիտասարդության մասին օրենք»,- ասաց նա։

Նախարարի տեղակալը շեշտեց, որ տարիքային խմբի վրա են աշխատում, քանի որ «երիտասարդական քաղաքականության համաձայն՝ այս պահին երիտասարդ են համարվում 16-30 տարեկան մարդիկ, մենք կփոփոխենք»։

Փոխնախարարն ընդգծեց, որ ռազմավարության մեջ նշված գլոբալ խնդիրներն ավելի սպեցիֆիկ են դառնալու. «2019 թվականի բյուջեի քննարկումների փուլում ենք այժմ, դրա մեջ նախատեսել ենք որոշակի նոր կետեր, այդ թվում՝ երիտասարդական համայնքային կենտրոնների ստեղծում, որով կխթանենք ոչ միայն մարզային համաչափ զարգացումը, այլ նաեւ ուժերը կուղղենք գյուղական միջավայրի զարգացմանը»։

Քրիստինե Ասատրյանի խոսքով՝ նախատեսվող ծրագրերի ուղղությամբ նաեւ հանդիպումներ են ունենում Եվրամիության ու Ռուսաստանի ներկայացուցիչների, ամերիկյան կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի բազմաթիվ գործակալությունների հետ. «Այս պահին դեռեւս հանդիպումների փուլում ենք»։

Նա նշեց, որ իր նշանակման պայմաններից մեկն էլ մինչեւ արտահերթ ընտրությունները ծրագրերը շարունակելն ու ավարտին հասցնելն է եղել:

Խոսելով նախարարությունում հնարավոր չարաշահումների եւ դրանց բացահայտման մասին՝ նախարարի տեղակալը չթաքցրեց՝ որոշակի «մանր-մունր չարաշահումների մասին տեղյակ է»: «Երիտասարդական քաղաքականության առնչությամբ որոշակի չարաշահումների մասին ականջիս հասել է, հիմա բանակցում եմ աուդիտի համար, որ կարողանանք նախարարությանը կից երիտասարդական միջոցառումների իրականացման ՊՈԱԿ-ում աուդիտ անցկացնել, քանի որ այնտեղ է ուղղվել ֆինանսական հիմնական հոսքերը: Մինչեւ հոկտեմբերը պետք է որ աուդիտն ավարտենք»,-եզրափակեց նա։

Տպել
Ամենաշատ