News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու բոլոր երեք խմբակցություններն էլ խոսել են ավագանու արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ավագանիում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Կարելի ասել, որ ավագանին կոնսենսուսով գնում է լուծարման եւ մենք գնում ենք ավագանու արտահերթ ընտրությունների: Սա սպասված ու պահանջարկված է, սա պետք է ուշ թե շուտ տեղի ունենար, ժամկետի խնդիր էր»,-ասաց նա:

Անդրադառնալով ավագանու արտահերթ ընտրություններին, Խաժակյանը նշեց, որ օգոստոսին արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու կազմակերպման դժվարություններ են լինելու. «Մենք այդ դժվարությունները կհաղթահարենք, պարզապես գիտենք, որ այդ սեզոնին քաղաքը դատարկվում է, մարդիկ գնում են հանգստանալու: Տեսնենք, թե ինչպես ենք այդ դժվարությունները հաղթահարելու»:

Հարցին, թե «Ելք» դաշինքը միասնակա՞ն է մասնակցելու ավագանու ընտրություններին, թե նրանում ընդգրկված ուժերն առանձին են մասնակցելու, Խաժակյանը պատասխանեց. «Նման որոշում դեռ չկա, քննարկումներ գնում են: Իմ տեսակետն այն է, որ միասնական ցուցակն ամենացանկալին կլիներ, բայց ինչ որոշում էլ կայացվի, դա լինելու է ի նպաստ Երեւանում փոփոխությունների: Թեկնածուի հարց դեռ չի քննարկվում, երբ ձեւաչափի  հարցը քննարկվի, թեկնածուի հարցը ավելի առարկայական կլինի»:

Դիտարկմանը, որ ՔՊ-ի կողմից որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու շրջանառվում է Հայկ Մարությանի (արգին Հայկո), Դավիթ Խաժակյանն ասաց. «Այս օրերին տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում, այս պահին չեմ ցանկանա մեկնաբանություն տալ, քանի դեռ ոչինչ հստակ չէ: Մնացածը կտեսնենք»:

Անդրադառնալով արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությանը, Դավիթ Խաժակյանն ասաց, որ հաջորդ ավագանու կազմում լինելով իրենց թիրախը լինելու է կատարված սխալների, չարաշահումների շտկումը. «Այդ չարաշահումների հետեւանքները իրավապահների խնդիրն է, բայց քաղաքի կառավարման տեսանկյունիցես ինձ վրա զգում եմ այդ պատասխանատվությունը, որ այն խնդիրների մասին, որոնց մասին խսել եմ, ներգրավված լինեմ այդ խնդիրների հետեւանքների լուծման հարցում: Եկող ավագանու կազմում անպայման զբաղվելու ենք այդ խնդիրներով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո այսօր՝ հուլիսի 16-ին Երեւանի ավագանին որոշել է նիստ գումարել, որտեղ պետք է ընտրի նոր քաղաքապետ։ Քաղաքապետի միակ թեկնածուն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։

Նիստում, սակայն քվորում չկա, քանի որ նախօրեին ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլեւ նիստին չեն մասնակցելու: Եթե նիստը չկայանա, ապա տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ