Վերջապես մենք կարողացանք ՀՀԿ-ին դուրս շպրտել Երեւանի ավագանու դահլիճից, այդ դահլիճը որպես ինստիտուտ, այլեւս չպետք է ընդգրկի ՀՀԿ-ի ներկայացուցիչներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Մենք գնում ենք արտահերթ լուծումների, բայց ոչ համապատասխան օրենսդրությամբ, որովհետեւ պարտադիր եւ ցանկալի է, որ այդ օրենսդրությունը լինի, որ քաղաքապետն ընտրվեր ուղղակի ընտրությունների միջոցով: Որքան շատ լինեն ուղղակի ընտրություններ, այնքան երկիրը կլինի ժողովրդավար: Այդքանով նոր պաշտոնյան հաշվետու կլինի քաղաքացիների առջեւ:
Այս պահին կարող ենք ասել, որ ապրիլի 23-ից հետո մենք դեռ չունենք այն համապատասխան գործիքները՝ ընտրական իրավունքի վերաբերյալ, սահմանադրական օրենքները, կուսակցությունների մասին օրենսդրություն, Ընտրական օրենսդրություն, ԿԸՀ-ի կազմավորման վերաբերյալ նոր օրենսդրություն, ընտրական իրավունքի վերաբերյալ նոր մոտեցումներ: Այսինքն մեր ազգի բոլոր հատվածների ներառումը քաղաքական գործընթացների մեջ դեռեւս տեղի չի ունեցել: Սա առջեւում է: Շատ ցավում եմ, որ առանց այդ փոփոխությունների գնում ենք արտահերթ ընտրության:
Միաժամանակ քաղաքացիները պետք է ցույց տան քաղաքական գիտելիքներ, զերծ զինեն արտաքին ճնշումներից եւ մասնակցեն ընտրությունների ազատ կամքի ներքո: Մենք դեռ արդար ու թափանցիկ ընտրությունների համար համապատասխան օրենսդրությունը չունենք: ԿԸՀ-ն ու դատարանները ավտորիտարիզմը ներկայացնող ինստիտուտներ են: Այստեղ կարեւոր է, թե ինչպիսին կլինի քաղաքացին: Մենք չենք մոռացել, թե ովքեր են ԿԸՀ-ում, ՍԴ-ում, եւ ՍԴ-ում գլխավոր կեղծիքը դնող Գագիկ Հարությունյանին էլ չենք մոռացել: Եթե նրանք արդար դատարանով պատասխանատվության չենք ենթարկել, արդար ընտրությունների մասով մտավախություն ունենք: Եթե լինի ժողովրդի կամքը, կարող ենք արդար Երեւանի ընտրություն ունենալ առանց իմ նշած գործիքների»,-հայտարարեց Փոստանջյանը՝ հավելելով, որ ըստ օրենսդրության օգոստոսի 16-26-ը պետք է տեղի ունենան Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ:
Նշենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Այն ժամանակ նա փոխարինեց հրաժարական տված Կարեն Կարապետյանին, 2017 թվականի մայիսին կայացած ընտրությունների արդյունքում էլ վերընտրվեց այդ պաշտոնում: