News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես մեկ տարվա ընթացքում եղել եմ մեր քաղաքացիների քաղաքապետը, ամեն ինչ արել եմ, որ Երեւանը մաքրենք աղբից ու կոռուպցիայից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Կարելի է ասել՝ մենք Տարոն Մարգարյանին դուրս ենք շպրտել այստեղից: Իմ պարտականությունների մեջ էր մտնում նաեւ քաղաքապետի թեկնածու առաջադրումը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք հավանական չէր, որ ՀՀԿ-ն իրեն քաղաքապետ ընտրեր, Փոստանջյանն արձագանքեց. «Դուք ի՞նչ եք կարծում, այն մարդիկ, որոնց ես պետք է տանեմ դատարան, ուղեկցեմ ՔԿՀ, նրանք կցանկանա՞ն, որ նման մարդն իրենց ղեկավարի, իհարկե ոչ»:

Փոստանջյանը նաեւ հայտարարեց, որ իրենք չեն զիջելու իշխանությունը Երեւանում. «Մենք այն վերադարձնելու ենք ժողովրդին»:

Նշենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի ընտրության օրակարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Այն ժամանակ նա փոխարինեց հրաժարական տված Կարեն Կարապետյանին, 2017 թվականի մայիսին կայացած ընտրությունների արդյունքում էլ վերընտրվեց այդ պաշտոնում:

Տպել
Ամենաշատ