News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ հուլիսի 16-ին, մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված՝ «Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկմանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են  նաեւ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասին եւ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան:

Նախարար Զեյնալյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նման ձեւաչափով քննարկում կազմակերպելու համար եւ նշել, որ այն հնարավորություն է տալիս առավել համակողմանի գնահատել քրեակատարողական համակարգում առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծմանն ուղղված առաջիկա քայլերը:

Քննարկման թեմայի համատեքստում նախարարն անդրադարձել է Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեությանը, որը նպատակ ունի բարելավել երեխաների արդարադատության մատչելիության մեխանիզմները, ինչպես նաեւ բանտային առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին, որի վերջնական նպատակն է բանտային առողջապահությունը ինտեգրել հանրային առողջապահության միասնական համակարգին:

Ամփոփելով խոսքը՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ քրեակատարողական համակարգում կատարվող բարեփոխումների հիմքում ընկած են նաեւ ՄԻՊ գրասենյակի զեկույցները եւ քաղաքացիական հասարակության դիտարկումները, միաժամանակ հավելելով, որ Արդարադատության նախարարությունը չի փորձում քողարկել քրեակատարողական համակարգում առկա խնդիրները, այլ ջանում է համարժեք մոտեցումներով եւ առաջնահերթությունները սահմանելով՝ հասնել խնդիրների լուծմանը:

Այնուհետեւ, մասնակիցներին ներկայացվել է «Կանանց եւ անչափահասների իրավունքների ապահովումը քրեակատարողական համակարգում» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը, որին էլ հաջորդել է քննարկումը մասնակիցների միջեւ:

Տպել
Ամենաշատ