News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Տվյալագիտությունն այնքան ճկուն գիտություն է, որ կարող է առնչվել բոլոր ոլորտներին, և ինձ դա շատ է դուր գալիս»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անի Կուրղինյանը, որն անցած տարի ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը և ուսումը շարունակում է տվյալագիտության մագիստրոսական ծրագրով։ Իր բարձր առաջադիմության շնորհիվ Անին կրթաթոշակի արժանացած ուսանողների լավագույն տասնյակից է։ Ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) կողմից՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) աջակցությամբ:

«Մենք աշխատել ենք իրական տվյալներ օգտագործելով, փորձել ենք մոդելներ կառուցել, որոնք պրակտիկ լուծումներ են տալիս։ Վիճակագրություն, ծրագրավորում՝ այդ բոլորի միքս է տվյալագիտությունը»,- հավելեց Անին։

Մագիստրոս Սուրեն Երիցփոխյանը նշեց, որ ծրագրին դիմելիս շատ սպասումներ ուներ, հատկապես պրակտիկ գիտելիքների առումով։ «Այսօրվա դրությամբ Հայաստանում հեշտ չէ պրակտիկ գիտելիքներ ստանալ, և իմ սպասումներն արդարացան»,- բացատրեց նա։

Հուլիսի 6–ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում Անի Կուրղինյանը, Սուրեն Երիցփոխյանը և ևս 8 ուսանողներ ստացան կրթաթոշակների հավաստագրեր։

Մագիստրոսական ծրագիրը ուսանողներին հնարավորություն կտա աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության մաս դառնալ՝ ստեղծելով կամուրջ տվյալների գիտության տեսական գիտելիքների և մասնավոր հատվածի պահանջների միջև։ Ծրագրի տևողությունը երկու տարի է։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» կորպորատիվ հարցերի, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ֆիլիպ Մորրիսը» հավատում է Հայաստանի տեխնոլոգիական և գիտական ապագային, որը նաև վարկանիշային է մեր երկրի համար։

«Քանի որ հավատում ենք, անմասն չենք կարող մնալ»,- ասաց նա՝ հավելելով, որ ընկերությունը հետևում է Հայաստանում այսօր արդեն արտադրվող գիտական պրոդուկտներին, ինչպես նաև ներմուծում է իր ուրույն գիտական-տեխնոլոգիական մշակույթը, ձևավորում էկոկրթական համակարգ, որն անհրաժեշտ է ապագա արդյունքների համար:

«Այսօր մենք մասնակցեցինք այդ էկոհամակարգի միջոցառումներից մեկին՝ տվյալագիտության մագիստրոսական ծրագրի շնորհանդեսին: «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը կաջակցի Տվյալագիտության առաջին կուրսի 16 մագիստրոսներից 10 լավագույններին»,- ասաց նա՝ հավելելով, որ հաջորդ ընդունելության ժամանակ ևս 10 լավագույն ուսանողներ կստանան կրթաթոշակ: Ըստ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության ներկայացուցչի՝ խոսքը ոչ միայն ծրագրին աջակցելու, այլև ուսումնական ամբողջ ծրագրի շրջանակում համագործակցության մասին է: «Մեր հիմնական ուղերձն է՝ բիզնես-կրթություն համագործակցությունն առհասարակ չպետք է լինի ուսանողների ուսուցման ուղղակի ֆինանսավորում, այլ շարունակական մրցակցություն, որտեղ հաղթում են ուժեղագույնները»,- ասաց Վահե Դանիելյանը: Նա հավելեց, որ Ֆիլիպ Մորրիսի՝ Հայաստանում գիտահետազոտական կենտրոնի գործունեության ուղղությունները  կներառեն նաև աջակցություն PhD ուսանողներին՝ ասպիրանտական հետազոտություններ իրականացնելու մասով:

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գշխավոր կառավարիչ Նատալյա Մայորովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընկերությունը հիմա փորձում է ամբողջական համակարգ ստեղծել՝ աջակցելով մագիստրոսական, ասպիրանտական ծրագրերին և հետազոտական աշխատանքներին: «Սա նշանակում է, որ ուսանողը, որը որոշել է իր որակավորումը կոնկրետ գիտության ոլորտում բարձրացնել, կարող է սկսել մագիստրոսական ծրագրից: Միևնույն ժամանակ, հայ տաղանդավոր երիտասարդ գիտնականները, որոնք արդեն գիտական ոլորտում են աշխատում, նույնպես մոռացության չեն մատնվի: Մենք համոզված ենք, որ գիտությունն ու գիտությամբ զբաղվող մարդիկ երկրի, արտադրության, արդյունաբերության, տնտեսության և հասարակության զարգացման հիմքն են: Մենք չափազանց հպարտ ենք, որ այս ծրագրերին աջակցելով, հետազոտությունների և մշակումների կենտրոն ստեղծելով, կարող ենք մեր ավանդն ունենալ Հայաստանի գիտական ոլորտի զարգացման մեջ»,- ասաց Նատալյա Մայորովան:

Լուկա Ռոսսին՝ PMI-ի ապրանքագիտական և մտավոր սեփականության գծով տնօրենը, նշեց՝ «PMI-ն անցնում է իր սեփական տեխնոլոգիական փոխակերպման միջով։ Եվ մենք ընդգծում ենք կրթական ծրագրերի աջակցման և տաղանդների զարգացման կարևորությունը, մասնավորապես Հայաստանի նման տեխնոլոգիական երկրում»։

Հիշեցնենք, որ Տվյալագիտության մագիստրոսական ծրագրի 2018-2020 թթ․ ընդունելությունը բաց է։ Ծրագրի շրջանակներում կրթություն ստանալ ցանկացողները կարող են դիմում ներկալացնել մինչև ս․թ․ օգոստոսի 24-ը: Գրանցվել այստեղ։

Տպել
Ամենաշատ