Հայաստանում դիմորդներն այս տարի ամենաշատը դիմել են Տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտության համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Շատ են դիմել իրավագիտություն, քաղաքագիտություն առարկաների համար, սակայն ավելի քիչ են դիմել տնտեսագիտության ֆակուլտետ: Բացի այդ՝ ավելի շատ են դիմում Ամերիկյան համալսարանի կառավարման ֆակուլտետ: Վերջին տարիներին նաեւ պարզ դարձավ, որ մեր երկրին այդքան տնտեսագետներ պետք չեն: Հետաքրքրության նվազում է նկատվում նաեւ օտար լեզուների նկատմամբ, որովհետեւ օտար լեզու իմանալն այլեւս բացառիկ բան չէ, ինչպես տարիներ առաջ էր: Շատ լավ մասնագիտություն կա՝ սոցիոլոգիա, սակայն այն վերջին 3 տարիներին տուժեց, քանի որ դիմորդների թիվը նվազեց»,- ասաց փորձագետը:
Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ որոշ մասնագիտությունների գծով էլ, օրինակ՝ շախմատագիտությունը, փիլիսոփայությունը, դիմորդներ չունեն եւ արդեն անիմաստ է դառնում մի քանի հոգու համար ֆակուլտետ պահել: