News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը մեծ բեռ դրված կլինի Լիլիթ Ստեփանյանի ուսերին: NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր՝ հուլիսի 16-ին Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմին եւ ավագանու անդամներին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելիս այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Տարիներ շարունակ Հրազդանը կարիք է ունեցել հոգատարության, եւ ես վստահ եմ, որ Լիլիթ Ստեփանյանն ունի բոլոր որակները՝ քաղաքը կառավարելու համար: Դեռեւս նախորդ ընտրությունների ժամանակ Հրազդանում ես որպես քաղաքացի մասնակցել եմ քարոզարշավի, տեսել եմ, թե ինչ է կատարվում այստեղ: Անմխիթար վիճակում է քաղաքի աղբահանությունը, շենքերի մուտքերում մենք բախվում էինք առնետների: Չեմ կարծում, որ սա մեկ օրում լուծելու խնդիր է, այնուհանդերձ, մարզպետի աջակցությամբ, կառավարության աջակցությամբ այս քաղաքը պիտի ոտքի հանենք, Հրազդանը պիտի իր երբեմնի հռչակն ունենա: Հրազդանը մոռացված քաղաք է եղել, եւ դրա պատճառն անուշադրությունն է: Ես չեմ ուզում գնահատականներ տալ, հիմա վարչական ստուգումներ են ընթանում,որի մասին առաջիկայում կիմանանք»,- հավելեց նախարարը:

Հանդիպմանը ներկա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ թվարկել է քաղաքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները. աղբահանություն, անբարեկարգ փողոցներ ու ճանապարհներ, փողոցային առեւտուր:

«Բարեփոխումները սկսված են, եւ ես իմ գործուն աջակցությունն եմ ցուցաբերում Լիլիթ Ստեփանյանին եւ ընտրված համայնքների ղեկավարներին, միաժամանակ իմ անհանդուրժող կեցվածքն եմ ազդարարում բոլոր այն ղեկավարներին, ովքեր դույզն-ինչ կթերանան իրենց ֆունկցիոնալ, սահմանադրական եւ օրենսդրական պարտավորությունների կատարման մեջ»,- հավելել է Կոտայքի մարզպետը:

Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էլ, ողջունելով քաղաքապետարանի աշխատակազմին, նշեց, որ որեւէ մեկին թշնամաբար չի վերաբերելու, փորձելու է իր աշխատանքով նպաստել քաղաքի զարգացմանը. «Հրազդանում կան շենքեր, որտեղ բնակչության շուրջ 60 տոկոսն արտագաղթել է: Հրազդանը վերածվել է գորշ, անհրապույր քաղաքի: Քաղաքացին օտարվել է իր քաղաքից, իր հիմնախնդիրներից, եւ այս ֆոնին Հրազդանը դիտարկել որպես Կոտայքի մարզկենտրոն, խիստ անիրատեսական է»:

Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում քաղաքը բաժանված է եղել յուրայինների ու թշնամիների՝ հավելելով, որ պետք է ձեւավորել սեր եւ հարգանք, եւ ինքը պատրաստ է վերադարձնել իր ծննդավայրի լավ եւ գեղեցիկ ավանդույթները:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում ավելի մանրամասն եմ ուսումնասիրել քաղաքը, արել եմ հետեւություն, որ ամենուր գորշություն է: Այսօր մենք ունենք նոր իրողություն, եւ այդ իրողության մեջ կանանց դերը բավական կարեւորվել է: Ներկայացված լինելով քաղաքական ուժի կողմից եւ ունենալով այդ քաղաքական ուժի ամուր հենարանը՝ պատրաստ եմ կարճ ժամանակահատվածում լավագույն արդյունք ցուցաբերել»,- հավելեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հանդիպումից հետո Լիլիթ Ստեփանյանը շտապեց իր աշխատասենյակ: Նոթատետրեր, որպես նվեր ստացած երեք գրիչ, գրենական պիտույքներ, դստեր լուսանկարը եւ հոր նվիրած «Նարեկը». սրանք են լինելու Ստեփանյանի աշխատասեղանին:

Տպել
Partner news