News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

Հուլիսի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոսոտոմյանն այցելեց ՀՀ ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչություն:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Հարությունյանն ԱԻ նախարարին ներկայացրեց մայրաքաղաքի փրկարարական վարչության տեխնիկական հագեցվածությունը, շինության պայմաններն, իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու անձնակազմի պատրաստվածությունը:

Երեւան քաղաքի փրկարարական վարչություն կատարած այցի ընթացքում ԱԻ նախարար Ռոստոմյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Երեւան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատների ղեկավար անձնակազմերը:

Օրակարգում դրված էր հիմնականում մայրաքաղաքի ջոկատների շենք-շինությունների, կենցաղային պայմանների, անձնակազմի՝ համազգեստով ապահովմանը եւ համալրմանն ու տեխնիկական հագեցվածությանն առնչվող հարցերը:

Մասնավորապես, քննարկվեցին ջոկատներում փրփրանյութի չափաքանակին, հրշեջ մեքենաների վառելանյութին, անձնակազմի հաստիքների բավարարությանը, կենցաղային պայմաններին, տեխնիկայի արդիականացմանը եւ վերազինմանը վերաբերող հարցեր:

Քննարկման ընթացքում նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարեց 2 շաբաթյա ժամկետում տեղեկատվություն եւ առաջարկություն ներկայացնել Երեւանի վարչական շրջանների բաժինների եւ հրշեջ-փրկարարական ջոկատների անբավարար վիճակում գտնվող շենք-շինությունների մասին:

Հանդիպմանը նախարար Ռոստոմյանը նշեց, որ բարձրացված հարցերի մեծ մասը շուտափույթ լուծում կստանա: Նախարարը հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներին հորդորեց խնդիրների առկայության դեպքում անմիջապես դիմել համապատասխան ստորաբաժանումներին: Անձնակազմի համալրման առումով նախարարը խստագույնս հանձնարարեց առաջնորդվել միայն արդարության սկզբունքով, եւ արժանի սպաներին ժամանակին ներկայացնել հերթական կոչման եւ պաշտոնի բարձրացման: «Արժանիները պետք է խրախուսվեն, ինչպես նաեւ ժամանակին ներկայացվեն հերթական սպայական կոչում ստանալու: Իսկ բոլոր չարաշահումները պետք է բացառել. որեւէ մեկի նկատմամբ պարտավորվածություն չունենք», - նշեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Խորհրդակցությունից հետո Ռոստոմյանը շրջեց եւ ծանոթացավ նաեւ ԵՓՎ տարածքին կից գործող ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի գործունեությանը: Կենտրոնի սաները նկարչության, պարի եւ բեմականացումների միջոցով ներկայացնում են տարատեսակ աղետներին դիմակայելու առօրեական մշակույթը: Ուսուցողական ներկայացումները տարվա ընթացքում խաղարկվում են հանրապետության դպրոցներում եւ մանկատներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news