News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր՝ հուլիսի 17-ին ընդունել է Փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ֆրանսիական գործակալության (OFPRA) պատվիրակությանը՝ Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի բաժնի ղեկավար Էմանուել Շարիերի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, ընտանեկան բռնության, խոշտանգումների դեպքերի քննության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Պատվիրակության ներկայացուցիչները կարեւորել են Հայաստանում  կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների տեմպը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն այս կապակցությամբ շեշտել է, որ դրա հիմքում ընկած է ինչպես իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, այնպես էլ օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ պատժի անխուսափելիության ապահովման ուղղությամբ իրավապահ համակարգի կողմից դրսեւորվող հետեւողականությունը: Նա ներկայացրել է այս ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը՝ կանգ առնելով ապօրինի հարստացման քրեականացման, գույք եւ եկամուտ հայտարարագրող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնման, ազդարարի ինստիտուտի ներդրման վրա:

Գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրել է, որ մասնավորապես ընտանեկան բռնությունների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարն ակտիվացել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված եւ այս տարվանից ուժի մեջ մտած փոփոխություններով, որոնց հիման վրա նմանատիպ դեպքերում դատախազներն արդեն իրացնում են ընդհանուր կարգով քրեական գործ հարուցելու իրենց վերապահված նոր իրավասությունը, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Դավիթ Մելքոնյանն ընդգծել է, որ այս գործերով մասնագիտացած դատախազների առանձնացումը մեծապես նպաստում է քննությունների որակին եւ արդյունավետությանը:

Որպես քրեադատավարական պրակտիկայի վրա էական ազդեցություն ունեցող բարեփոխումներ՝ Մելքոնյանն առանձնացրել է հատկապես որպես խափանման միջոց կալանավորման կիրառման, խոշտանգումների դեմ պայքարի ոլորտներում ՄԻԵԴ չափորոշիչների՝ Հայաստանում ներդրման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության առաջանցիկ նախաձեռնությունները եւ այս ոլորտում մասնագիտական ու հանրային շրջանակների հետ երկխոսության մթնոլորտի հաստատումը:

Անդրադառնալով անօրինական միգրացիայի դեմ պայքարին՝ նշվել է, այս ոլորտում քրեաիրավական պաշտպանության մեխանիզմները գործում են բարձր մակարդակով: Դեռեւս 2014թ. Հայաստանում քրեականացվել է անօրինական միգրացիան, եւ նմանատիպ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դինամիկ ավելացման վիճակագրությունը վկայում է, որ պայքարն այս ուղղությամբ ավելի ու ավելի հետեւողական եւ արդյունավետ է դառնում:

Կողմերը քննարկել են այս ոլորտում համագործակցության հնարավորություններին առնչվող այլ հարցեր:

Տպել
Ամենաշատ