News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը Ռազմական արդյունաբերության նախարարության ստեղծման կարիք ունի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՌՀՀ պրոֆեսոր, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ռազմական արդյունաբերության ոլորտում կտրվել է արտադրական այն շղթայից, որն ապահովում էր ամբողջ տեխնոլոգիական գործընթացը՝ սկսած գիտական լաբորատորիաների պատերի ներսում մշակումներից մինչեւ փոքրածավալ եւ լայնածավալ արտադրություններով:

«Խորհրդային տարիներին, մասնավորապես, գործում էին գիտաարտադրական միավորումներ, հատուկ (փորձառու) կոնստրուկցիոն բյուրոներ, փորձված արտադրություն, որը լաբորատոր մակետը հասցնում էր մինչեւ ծավալային արտադրությունների»։

Այսօրվա դրությամբ Հայաստանում վերոնշվածներից ոչ մեկը չկա։ Առանց խորը համակարգային մոտեցման հնարավոր չէ ռազմական արդյունաբերություն զարգացնել: Իսկ մենք շարունակում ենք փորձարկումներ անել: Պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերության վարչության փոխարեն Պաշտպանության նախարարության կազմում ստեղծվեց Ռազմական արդյունաբերության պետական կոմիտե, այնուհետեւ, դրա տեղում, Պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերական կոմիտե»,-շեշտեց Պետրոսյանը։

Նա ուշադրություն դարձրեց հանգամանքին, որ ռազմաարդյունաբերական համալիրի կայուն զարգացման համար պետք է լճացումից հանել գիտության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, նյութագիտությունը, էլոկտրոնիկան եւ այդպես շարունակ։

Հանրապետությունում ռազմական արդյունաբերության զարգացման մեկ այլ խոչընդոտ է ֆինանսավորման ցածր մակարդակը: Վերջին 2-3 տարիներին ռազմաարդյունաբերության ոլորտին լուրջ ուշադրություն է սկսել դարձնել Գիտության պետական կոմիտեն: Սակայն, դա բավարար չէ այդ ոլորտի զարգացման արագ տեմպեր ապահովելու համար։ Անհրաժեշտ է բանակի կարիքների համար կոնկրետ մշակումների հստակ պատվերներ ձեւակերպել եւ հանրապետությունում գործող կազմակերպությունների միջեւ մրցույթ անցկացնել»,-հավելեց փորձագետը:

Նրա համոզմամբ՝ այս հարցում նշանակալի արդյունքների հասնելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ․ «Առայժմ,  խոսակցություններից ու խոստումներից այն կողմը գործը չի անցնում։ Մենք դեռեւս հստակ քաղաքական ուղենիշներ եւ պատասխանատուներ չունենք ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար: Մի ժամանակ այդ հարցով սկսել էր զբաղվել Անվտանգության խորհուրդը՝ Ա.Բաղդասարյանի գլխավորությամբ, ինչով ավարտվեց՝ բոլորին է հայտնի։ Երկու-երեք տարի առաջ, ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել էր վարչապետին առնընթեր ռազմարդյունաբերական հանձնաժողով, որի կազմում էին գրեթե բոլոր նախարարները, Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը եւ այլ պաշտոնատար անձինք: Հանձնաժողովի կազմում ձեւավորվել էին տարբեր ուղղություններով մասնագիտացված խորհուրդներ: Երբ ուսումնասիրեցի այդ խորհուրդների կազմը, հասկացա, որ ստեղծվել է եւս մեկ անպիտան կառույց: Հարց է առաջանում՝ ո՞ւր է այդ հանձնաժողովը, ի՞նչ է արել, ումի՞ց պետք է հարցնենք»:

Ռազմական արդյունաբերության զարգացման վրա բացասաբար ազդող գործոնների թվում փորձագետը նշեց նաեւ 20 տոկոս ԱԱՀ-ն, որի հետեւանքով տեղական արտադրողներն ավելի քիչ են վաստակում տեղական շուկայում, քան արտասահմանյան ընկերությունները՝ իրենց ապրանքները Հայաստան ներմուծելով:

Նրա կարծիքով, առկա բացերը լրացնելու համար անհրաժեշտ է ստեղծել Ռազմական արդյունաբերության նախարարություն: Այդ նպատակով, նրա կարծիքով, կարելի է միավորվել եւ կրճատել առկա նախարարությունների թիվը:

«Նման նախարարությունը, ի դեպ, կա հարեւան Ադրբեջանում: Բացի այդ, Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնում ռազմական արդյունաբերության զարգացմանը՝ դրա համար տպավորիչ գումարներ հատկացնելով: Միասնական ձեռնարկություններ են ստեղծվել զենք եւ ռազմական արտադրանք թողարկելու համար: Ո՞ւմ դեմ է դա կիրառվելու։ Բնականաբար, առաջին հերթին մեր դեմ: Իսկ մենք չպետք է մոռանանք դա»,-նշել է Պետրոսյանը։

Նրա կարծիքով, ռազմական արդյունաբերության զարգացմանը նպաստող ոչ պակաս կարեւոր գործոն կարող է ծառայել նաեւ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը գիտնականների եւ մասնագետների հանդեպ, որոնք զբաղվում են  ռազմական արդյունաբերության համար ներուժ ունեցող կոնկրետ հետազոտություններով եւ մշակումներով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ