News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ներկա է գտնվել պետական-հասարակական գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացմանը:

Իր խոսքում վարչապետը համոզմունք է հայտնել, որ Արամ Մանուկյանը մեր պատմության մեծագույն առաքյալն է եղել. «Ո՞վ է Արամ Մանուկյանը, թերեւս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս նրա գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհետեւ նրա կյանքը եւ գործունեությունը նման է ոչ թե մի մարդու կյանքի եւ գործունեության, ով ծնվեց, ապրեց եւ մահացավ, այլ ծնվեց իրականացնելու համար մի մեծ առաքելություն եւ ի վերջո իրագործեց այդ առաքելսությունը: Դա իսկապես մեծագույն առաքելություն էր՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ՝ երբ թվում է, թե թեւերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է: Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, նա երբեք ու երբեք չապրեց իր համար, իր ընտանիքի համար, իր հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, նա պայքարեց իր ժողովրդի համար, նա հաղթեց իր ժողովրդի համար եւ նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության հետեւանքով եւ ամբողջացրեց իր առաքելությունը»:

Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ քաղաքացիների առաքելությունն էլ պիտի լինի շարունակել Արամ Մանուկյանի գործը. «Մենք ունենք մեր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական այրերը, հանրային այրերը, բոլորը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եւ այդ առաքելությունն է՝ լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը եւ ապրել այնպես, որպեսզի ունենանք իրավունք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայել նրա աչքերի մեջ եւ ասել՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը, Տիար Արամ Մանուկյան, եւ Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր հաղթանակը կենդանի է եւ հայ ժողովուրդն այլեւս հաղթանակած է հավիտյան»։

Հիշեցնենք, որ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ: Բացման արարողությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, այլ հյուրեր:

Մինչ այդ, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ մշակույթի նախարարությունը փաստի առաջ է կանգնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հետ կապված, քանի որ արձանի տեղադրումը Մշակույթի նախարարության կարծիքի բացակայության պայմաններում է տեղի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ