News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Կանազ» մշակույթի պալատի շենքում «Արվեստի այբբենարան» հիմնադրամը երեք ծավալուն ճյուղով է աշխատելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին ասել է «Արվեստի այբբենարան» հիմնադրամի տնօրեն Հրանտ Թոխատյանը՝ լրագրողներին ներկայացնելով հետագա անելիքներն ու ծանոթացնելով շենքի վիճակին:

«Առաջինը դպրոցն է՝ մանկական թատերական դպրոց, որտեղ սաները սովորելու են ոչ միայն թատերական ու բեմի վարպետություն, այլ նաեւ խեցեգործություն եւ այլն։ Հաջորդ ուղղությունը լինելու է մանկական թատրոնը, երրորդ ճյուղը կլինի պալատում գոյություն ունեցող մեծ դահլիճում»,- պատմեց նա։

Դերասանը հիշեցրեց. շենքն «Արվեստի այբբենարան» հիմնադրամին անհատույց հատկացվել է 10 տարով, 1 մլն դոլար ներդրումային ծրագրով, սակայն 10 տարին բավարար ժամանակ չէ։

Նրա խոսքով՝ աջակիցների մեծ խումբ ունեն. «Հիմնադրամի գործընկերների սպեկտրը բավական լայն է, որոնք ապրում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։ 1 մլն դոլարը բավական չէ, որ այս շենքը դառնա այն, ինչ ներկայացվել է։ Ես պատրաստվում եմ շրջել աշխարհով, անհրաժեշտ գումարները հավաքել»։

Թոխատյանը հայտնեց, որ շինարարությունը սկսելու են օգոստոսին, իսկ երբ կավարտեն՝ չի կարող ասել: Ամեն դեպքում, որոշել են սկսել դպրոցի հատվածից։

Դերասանն առանձնացրեց շենքում լուծում պահանջող երեք ամենակարեւոր խնդիրները՝ ջեռուցման եւ զովացման համակարգի, տանիքի վերանորոգում եւ ջրատար խողովակների, կոյուղու, էլեկտրականության հետ կապված հարցեր:

Նա ասաց, որ երբ նոր քաղաքապետ ընտրվի, առաջինը հենց այդ հարցով է դիմելու նրան:

Տպել
Ամենաշատ