News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի եւ Բալետի թատրոնը պատրաստվում է վերջին 35 տարվա ընթացքում ամենամասշտաբային շրջագայություններին:

Հուլիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսին թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը պատմեց, որ վերջին անգամ թատրոնի արվեստագետները նման թափով հանդես են եկել լեգենդար մոսկովյան Մեծ թատրոնի բեմում 60 տարի առաջ: «Մեր մոսկովյան շրջագայությունը մեծ ոգեւորություն առաջացրեց: Բոլոր տոմսերը վաճառվել են»,- ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ Մեծ թատրոնում «Գայանե» բալետը բեմադրվել է ավելի քան 30 տարի առաջ:

Սեպտեմբերի 1-15-ը թատրոնը կմեկնի Դուբայ, որտեղ երկու նոր օպերային բեմադրություն կներկայացնի՝ Բիզեի «Կարմենը» եւ Մոցարտի «Կախարդական սրինգը»: Երկու ներկայացումներն էլ կյանքի են կոչվել Օրբելյանների միջոցներով: Դրանց երեւանյան պրեմիերան տեղի կունենա տարվա երկրորդ կեսին. «Կարմենը»՝ նոյեմբերի 10-ին, «Կախարդական սրինգը»՝ դեկտեմբերին:

Սեպտեմբերի 25-30-ը թատրոնի շրջագայությունները տեղի կունենան Քուվեյթում: «Մենք ելույթ կունենանք «Կախարդական սրինգով»: Սա կլինի Քուվեյթի պատմության մեջ առաջին օպերային բեմադրությունը»,- ասաց Օրբելյանը` հավելելով, որ քուվեյթյան շրջագայությունները նվիրված են օպերային թատրոնի շենքի բացմանը:

Ինչպես նշվեց, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը նման մասշտաբային շրջագայության չէր մեկնել վերջին 35 տարվա ընթացքում:

Երեւան վերադառնալուց հետո թատրոնին հագեցած աշխատանք է սպասվում նոր բեմադրությունների համար: Օգոստոսի 16-18-ը կբեմադրվի Չուխաջյանի «Կարինեն», հոկտեմբերի 5-ին, 8-ին եւ 10-ին՝ Մասնեի «Մանոն» օպերան, նոյեմբերի վերջին` «Չիպոլինոն», դեկտեմբերի սկզբին` Վերդիի «Ռեքվիեմը»:

«2000-2016 թվականներին մեր թատրոնում 9 օպերային ներկայացում է բեմադրվել: Միայն 2018 թվականին կես տարվա ընթացքում մենք չորս օպերա կբեմադրենք: Մեր ծրագրերում կան նաեւ մանկական օպերային ստեղծագործություններ` «Զմրուխտե քաղաքի կախարդը» եւ «Կիկոսի մահը»,- ասաց Օրբելյանը:

Չնայած գոյություն ունեցող խնդիրներին՝ թատրոնը մեծ հետաքրքրություն է առաջացնում հանդիսատեսի մոտ. 2017 թվականին 2016-ի համեմատ այցելությունները 100 տոկոսով ավելացել են: «Մենք մի շարք խնդիրներ ունենք, որոնք մենք չենք կարող լուծել ֆինանսավորման բացակայության պատճառով: Տանիքը ծորում է, օդափոխության վատ համակարգ ... Թատրոնը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Բացի այդ, մեզ հարկավոր է առնվազն 30-40 մարդով ավելացնել նվագախմբի երաժիշտների քանակը, որպեսզի այն հասցնի փորձեր անել»,- նշեց թատրոնի տնօրենը:

Հավելենք, որ հուլիսի 19-ին Երեւանում մարվեց հայկական առաջին «Արշակ II» օպերայի 150-ամյակին նվիրված նամականիշով փոստային բացիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ