News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աղետի գոտու անօթեւանների հարցը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ պետք է հստակեցնել, թե ինչպես պետք է առաջ շարժվել այդ ուղղությամբ:  «Ամենակարեւոր խնդիրն աղետի գոտում իրավիճակն արձանագրելն է: Երբ խոսվում է Գյումրիում նոր բնակարանաշինություն իրականացնելու մասին, որոշ մասնագետներ ասում են, որ լուրջ խնդիր կա: Շուկայում կան վաճառքի հանված տներ, որոնք բնակեցված չեն, եւ եթե Գյումրիում նոր բնակարանաշինություն տեղի ունենա, ապա կարող է անշարժ գույքի շուկան փլուզվել, բնակարանների գներն էլ զրոյանան»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ պետք է հստակեցնել քաղաքականությունը եւ որոշել, թե ինչ ճանապարհով է անհրաժեշտ առաջ գնալ, հասկանալ՝ ովքեր են տնակներում ապրողները, ինչ պատճառներով են հայտնվել:

«Ինձ ասել են, թե տնակների առք ու վաճառքի երեւույթ կա Գյումրիում: Ինչ-որ մեկը բնակարան է ստացել, իր տնակը վաճառել է հարակից գյուղերից մեկի բնակչին, ով գալիս է այդտեղ ապրում է: Պետք է հասկանալ իսկապե՞ս կան այդպիսի երեւույթներ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գյումրիում մնացած ենթակառուցվածքների մասով ծրագրեր են իրականցվում, կան նաեւ ներդրումային ծրագրեր: Նա հույս հայտնեց, որ աշխատատեղերի, աղքատության խնդիրներն իրականացվող տնտեսական փոփոխություններին համընթաց լուծումներ կստանան:

«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է եւ մենք պետք է մանրամասն հասկանանք իմ ասած դետալները ճշտելու եւ հասկանանք, մենք այնտեղ ինչ պետք է անենք, բնակարանաշինություն անենք, թե պետք է ապահովենք, որպեսզի բնակարանների գնումներ իրականացվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ