Երկար ժամանակ Հայաստանը զրկված էր պետականությունից եւ հայ ժողովրդի հիմնական խնդիրներից մեկը հասարակական գործիչների մեծ թիվն էր, սակայն ոչ՝ քաղաքական: Այս մասին Երեւանում «Հայաստանը եւ Ռուսաստանը. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովի ժամանակ հայտարարել է The Armenian Interest կենտրոնի ղեկավար, ամերիկագետ, Forbes ամսագրում The National Interest եւ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» հոդվածների հեղինակ, քաղաքագետ Արեգ Գալստյանը:
Նրա խոսքով՝ հենց սրանում էր հայ ժողովրդի ողջ ողբերգությունը: «Քաղաքական գործիչը ռազմավարական տարր է, հիմնական տարր, եւ դրանք մարդիկ են, որոնք պետություն են կառուցում»,- ասաց Գալստյանը: Միեւնույն ժամանակ, փորձագետը հավելեց, որ Հայաստանում այսօր կան փորձագետներ, որոնք կարող են կանխատեսել քաղաքական եւ աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ զարգանում են Հայաստանի շուրջ՝ անկախ այն բանից, թե որտեղ են դրանք մշակվել՝ լինի դա Մոսկվայից, Վաշինգտոնից, Պեկինից, թե Թեհրանից:
«Ռուսաստանը, անկասկած, մեր բարեկամն է, մեր գործընկերը, ինչպես եւ Եվրոպան, ԱՄՆ-ն, սակայն ճիշտ այնքան, որքան նրանք ընկալում են մեզ համանման կերպով: Այսինքն այստեղ ամեն ինչ շատ պրագմատիկ է», - ասաց քաղաքագետը:
Գալստյանի խոսքով՝ Մոսկվան, ինչպես եւ Վաշինգտոնն ու Բրյուսելը, պարտավոր չէ սիրել Երեւանը, սակայն վերջինս, ամեն դեպքում, պետք է սեփական ազգային շահերը եւ բանակցությունների համար որոշակի օրակարգ ձեւավորի, որի օգնությամբ այն կարող է հավասար սառնասիրտ երկխոսություն վարել ուժային բոլոր կենտրոնների հետ եւ ընդհանուր շահեր գտնել այնտեղ, որտեղ դա հնարավոր է: