News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հենրի Ֆորդը 1940 թվականին էր կանխատեսել աերոմոբիլների հայտնվելը: Անձամբ ինքը դեռեւս 1926-ից էր աշխատում օդանավի եւ ավտոմեքենայի հիբրիդի ստեղծման վրա, սակայն փորձն անհաջող ավարտ ունեցավ: 20-րդ դարից սկսած Ford, Chrysler, Boeing եւ շատ այլ ընկերություններ աշխատել են թռչող ավտոմեքենայի կոնցեպտի վրա, սակայն ամեն անգամ նրանք ինչ-որ խոչընդոտի էին բախվում՝ տեխնիկական կամ բյուրոկրատական:

Աերոմոբիլներով լրջորեն սկսեցին զբաղվել 21-րդ դարի 2000-ականների վերջին: Առաջինը Terrafugia ընկերության աերոմոբիլի նախատիպն էր, որն առաջին թռիչքն իրականացրել է 2009-ին եւ 2012-ին ներկայացվել է Նյու Յորքի ավտոշոում: Terrafugia Transition-ը, այսպես է կոչվում աերոմոբիլի ծալվող թեւերով այդ մոդելը, կարող է զարգացնել մինչեւ 185 կմ/ժ արագություն: Թռիչքի առավելագույն հեռավորությունը կազմում է 780 կմ: Ավտոմեքենայի երկարությունը՝ 5,7 մետր, բարձրությունը՝ 2,2 մետր, լայնությունը ծալված թեւերով՝ 2 մետր: Քաշը՝ 570 կգ: Թեւերի բացվածքը՝ 8,4 մետր: Աերոմոբիլների ինչպես այս, այնպես էլ մյուս մոդելների գլխավոր բացասական կողմը տարողությունն է: Կոնկրետ Terrafugia Transition-ում ընդամենը 2 տեղ կա, որից մեկը օդաչուի համար է:

Ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ մեծ քաղաքներին, որտեղ տրանսպորտի երթեւեկությունը ամենամեծ խնդիրներից մեկն է, այսպիսի մոդելը կհամապատասխանի: Այստեղ անհրաժեշտ է ուղղաձիգ թռիչք: Յուրատեսակ ուղղաթիռ: Չնայած ոչ, ավելի շուտ՝ դրոն: Չնայած տարբերությունը միայն մանրամասների մեջ է: Սկզբունքը նույնն է: Լեո Դա Վինչի, շնորհակալություն:

Նույն Terrafugia-ն մշակում է ուղղաձիգ թռիչքի մոդելի կոնցեպտ, շրջադարձի եւ ծալովի վերամբարձ TX-F ռոտորներով: Մոդելը հիբրիդային է, լիցքավորվում է ցանցից: Նրա վերամբարձ պտուտակները շարժման մեջ են դրվում էլեկտրաշարժիչներով, իսկ երթային պտուտակը՝ ներքին այրման շարժիչով: Սարքավորման ընդհանուր հզորությունը մեկ մեգավատտ է: Օդում արագությունը՝ 320 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 805 կմ:

Է՛լ ավելի հեռուն գնաց Airbus աերոտիեզերական հսկան՝ ներկայացնելով Vahana աերոմոբիլի նախագիծը: Ինքնավար միաօդաչու աերոմոբիլը կարողանում է ոչ միայն ուղղաձիգ թռչել, այլեւ ուղղաձիգ վայրէջք կատարել:

Ինքնավար: Այսինքն՝ անօդաչու: Այս մոդելի աերոմոբիլը 8 ռոտորային շարժիչներ ունի, 2-ական՝ 4 թեւերից յուրաքանչյուրի վրա: Թեւերը կարող են թեքությունը փոխել՝ կախված թռիչքի ուղղաձիգ կամ հորիզոնական հետագծով իրականացումից: Խցիկում, որի վերնամասը ծալվում եւ բացվում է, նախատեսված է ուղեւորի ընդամենը մեկ տեղ: Առավելագույն արագությունը կազմում է 175 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 100 կմ, վառելանյութն ապահովում են էլեկտրական մարտկոցները: Այս մոդելով լրջորեն հետաքրքրված է Uber ընկերությունը, որը պատրաստվում է այն օգտագործել օդային տաքսիի իր նոր ծառայությունում:

Airbus-ը եւս մեկ մոդել ունի, որը կոչվում է Pop.Up, եւ որի կոնցեպտն իրենից ներկայացնում է 2 առանձին մոդուլների օգտագործում՝ մարդատար ավտոմեքենայի եւ կվադրոկոպտերի տեսքով դրոնի: Եթե ցանկանում եք 100 կմ-ի սահմաններում ինչ-որ տեղ թռչել, ապա պարզապես կցեք դրոնը, ուղղություն հանձնարարեք եւ վայելեք թռիչքը: Մոդելը կարող է զարգացնել մինչեւ 100 կմ/ժ արագություն եւ թռչել 450 մետր առավելագույն բարձրությամբ, դրոնի լիցքավորումը 1 ժամ է բավարարում:

Թռչող ավտոմեքենաների կամ ուղղակի աերոմոբիլների շատ մոդելներ կան եւ ամեն օր այս ոլորտում նորանոր գաղափարներն ավելի ու ավելի մեծաթիվ են դառնում, իսկ յուրաքանչյուր հաջորդը ավելի անհավանական է թվում, քան նախորդը: Գիտական ֆանտաստիկայի մեծ սիրահար լինելով՝ ես առանց վարանելու ինձ համար կգնեի Jet Capsule-ի I.F.O, սակայն այսպիսի նախագծի իրականացման գաղափարի հեղինակների հանդեպ ամբողջ հարգանքով ու երախտագիտությամբ հանդերձ, իմ կարծիքով՝ այս մոդելն այնքան էլ պրակտիկ չէ: Գրեթե 5 մետր տրամագիծը նման թռչող սարքի հնարավորությունները սահմանափակում է մեծ քաղաքի սահմաններում: Նման մոդելների համար հատուկ հրապարակներ են անհրաժեշտ, եւ սա մեծ խնդիր է: Մոդելի տեխնիկական բնութագրերը ավելի համեստ են, քան վերեւում թվարկվածներինը: Առավելագույն արագությունն է 90 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 40 կմ:

Հայաստանի համար աերոմոբիլների օգտագործումը կարող է դառնալ օդանավերի կամ ուղղաթիռների ներքին չվերթների այլընտրանքը:

Սակայն Երեւանը բացարձակապես հարամարեցված եւ պատրաստ չէ տրանսպորտի այսպիսի տեսակին: Նման մեքենան նվազագույնը կդիպչի անվերջանալի լարերին, որոնք օդով ձգվում են ճանապարհով մեկ: Սակայն կարելի է քաղաքը դրան պատրաստել, քանի որ երթեւեկության թեթեւացման այլընտրանքային լուծումները այնքան էլ աշխատունակ չեն եղել: Նույնիսկ Խանջյանի փողոցում գետը փակեցին: Բոլո՞րն են հիշում, որ այնտեղ գետ է եղել, թե՞ արդեն մոռացել են:

Չէր խանգարի նաեւ քաղաքացիական ավիացիայի մասին օրենքում ուղղումների կատարումը: Օ՜յ, կներեք: Այդպիսի օրենք չկա

Մի խոսքով՝ շտապել չարժի: Սակայն չարժի նաեւ անգործ նստել: Ցանկանում ենք դա, թե ոչ՝ սարերի հետեւում չէ այն օրը, երբ երկնքում աերոմոբիլներն այլեւս ոչ մեկին չեն զարմացնի, եւ «հյուր գնալու թռիչքը» կդառնա նույնքան սովորական երեւույթ, ինչպես այսօր մոլորակի գործնականում ցանկացած կետից բջջային հեռախոսով ուղիղ տեսաեթերը: Իսկ մինչ մենք կնախապատրաստվենք, աերոմոբիլները կդառնան թե՛ ավելի էժան, թե՛ հասանելի:

Հրայր Դալլաքյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ