News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մենք չունենք ջրի խնդիր, մենք ունենք ջրային ռեսուրսների կառավարման խնդիր: Այս մասին, Գառնի գյուղի ակտիվիստների եւ «ԷկոԼուրի»  թիմի հետ հանդիպման ժամանակ նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետն ընդունեց ակտիվիստների խմբին «S.O.S Գառնի» քաղաքացիական շարժման նախաձեռնող, Գառնիի բնակչուհի Արուսյակ Այվազյանի խնդրանքով: Մարզի նոր ղեկավարին ակտիվիստները ներկայացրեցին Համաշխարհային բանկի 10 միլիոն դոլլարի վարկային միջոցներով իրականացվող Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի ռիսկերը: Հանդիպման ժամանակ մանրակրկիտ ներկայացվեցին ծրագրի մեկնարկի ժամանակ թույլ տրված օրենսդրական խախտումները: Ակտիվիստները պատմեցին, որ անտեսվել է ծրագրի վերաբերյալ Գառնի համայնքի բնակիչների մեծ մասի բացասական կարծիքը:

«Մեզ ասացին, որ ծրագրում փոփոխություններ կարվեն, բայց այդ փոփոխությունները Գառնիի միայն մի փոքր հատվածին էին վերաբերում: Ներկայում համայնքի մեծ մասը ջուր չունի», - ասաց Արուսյակ Այվազյանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինֆա Զարաֆյանը տեսակետ հայտնեց, որ ծրագրի իրականացումը մոտ է էկոլոգիական հանցագործության, որն ուղեկցվում է «կանաչ» իրավունքների բազմաթիվ խախտումներով:

Ձեռք բերվեց համաձայնություն, որ մարզպետարան կներկայացվեն Քաղցրաշենի ծրագրի ռիսկերը հաստատող փաստաթղթեր:

Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ մտադիր է ներդնել էական բարեփոխումներ Կոտայքի մարզի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում:

«Այսօր Կոտայքի մարզում մենք ունենք մեկ ՋՕԸ: Այդ մեկ ՋՕԸ-ից չես կարող պահանջել 67 բնակավայրում լավ կառավարում իրականացնել: Ես նախաձեռնելու եմ լուծարել այդ մարմինը, բաժանել չորս մարմինների միջեւ, որպեսզի չորս առանձին ՋՕԸ-երի միջոցներով մենք կարողանանք ոռոգման ջրի խնդիրներն ավելի շուտ վերհանել եւ տալ կարճաժամկետ լուծումներ», - ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Նա  անդրադարձավ փոքր ՀԷԿ-երի խնդիրներին. «Ունենք ՓՀԷԿ-եր` կառուցված խմելու ջրի ջրատարի վրա, որոնց տնտեսվարողները, դրսեւորելով անբարեխիղճ վարք, անտեսել են գյուղացիների խմելու ջրի հարցը: Գեղարդ գյուղին հարակից 5 ՓՀԷԿ-երով կասկադ է, որտեղ կառավարության որոշմամբ հստակ սահմանված են ջրի բացթողման որոշակի ծավալներ: Սահմանել ենք բոլոր կողմերի հետ փոխհամագործակցության մեխանիզմ: Համապատասխան սարքավորման ներդրման միջոցով ամենօրյա ռեժիմում պարտավորեցրել ենք ՓՀԷԿ-ին տվյալ չափաքանակով ջուր բաց թողնել: Գյուղապետին պարտավորեցրել ենք տվյալ չափաբաժինը, կառուցելով խողովակաշար նաեւ ՓՀԷԿ-ի միջոցներով, որպես բարի կամքի դրսեւորում, հասցնել գյուղ: Ես հանձնարարել եմ, որ այս ցիկլը կատարվի անխաթար»:

Տպել
Ամենաշատ