News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանի ամրությունը կախված է կենսունակ համայնքից։ Ամեն ինչ պետք է անենք, որ սահմանապահ համայնքի բնակիչը չկտրվի իր հողից և կարողանա ապրել ու արարել այնտեղ: Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տարածքային զարգացման եւ կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը ճանաչողական այցով Տավուշում էր հուլիսի 21-ին և 22-ին: Նա եղել է մարզի խոշորացված, ինչպես նաև սահմանապահ մի շարք համայնքներում։ Դիլիջանի համայնքապետարանում Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի, ավագանու և վարչական շրջանի ներկայացուցիչների հետ, ծանոթացել խոշորացման գործընթացի արդյունքում գրանցված դրական և բացասական արձանագրումներին։

Անդրադառնալով խոշորացմանը վերաբերող հանրության մտահոգություններին՝ նախարարն ընդգծել է, որ շատ հաճախ դրանք տեղին են, քանի որ քաղաքային համայնքներում ռեսուրսների գերկենտրոնացումը երկրորդային պլան է մղում գյուղական բնակավայրերի խնդիրները։ Այդ պատճառով նախարարը համայնքային պատասխանատուներին հորդորել է սուբվենցիայի ծրագրերից օգտվելիս նախապատվությունը տալ առավելապես գյուղական համայնքների կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը։

Խոսելով Դիլիջանի զբոսաշրջության զարգացման մասին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ համայնքում առկա զբոսաշրջային հսկայական ներուժը պետք է օգտագործել հավուր պատշաճի, իսկ տարբեր բիզնես-նախագծեր իրականացնելիս ներգրավել հանրության առավել լայն շրջանակների։ Այս համատեքստում նախարար Պապիկյանն անդրադարձել է տարածաշրջանին բնորոշ անտառպահպանության հիմախնդիրներին՝ հորդորելով նպատակային օգտագործել զբոսաշրջային գրավչություն ներկայացնող անտառի ընձեռած բարիքները։

Այնուհետև նախարարն ուղևորվել է Այրում խոշորացված համայնքի Հաղթանակ և Դեբեդավան գյուղական բնակավայրեր, համայնքային կարիքների և խնդիրների մասին զրուցել տեղի բնակիչների հետ, խնդրել նրանց համայնքներում առկա ներդրումային հնարավորությունները ներկայացնել Ուկրաինայի հայերի Ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանին, ով սահմանամերձ համայնքներում ներդրումներ կատարելու նպատակով  նախարարի հետ շրջայց էր իրականացնում մարզում։

Այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Վահե Ղալումյանը Նոյեմբերյանի մշակույթի տանը հանդիպում են ունեցել Նոյեմբերյան, Այրում, Կողբ խոշորացված համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և վարչական շրջանների ղեկավարների հետ։ Տեղեկանալով համայնքների սեփական եկամուտների և դոտացիաների մասին՝ նախարարն ընդգծել է վարչական ղեկավարների կողմից համայնքյային միջոցների նպատակային օգտագործման և դրանց հաշվետվողականության անհրաժեշտությունը։

Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև հանրության համար թափանցիկ և հասանելի գործելաոճի որդեգրումը և այս հարցում ավագանու դերակատարության բարձրացումը։ «Բացի հասարակության հետևողականությունից, պահանջվում է նաև ավագանու հետևողակությունը։ Ավագանին պետք է իմանա, որ իրեն տրված մանդատով հանրությունը պատվիրակում է գործել համայնքի շահերին համապատասխան՝ նպատակային և արդյունավետ օգտագործելով բյուջետային միջոցները»,-նշել է նախարարը։

Աշխատանքային այցի երկրորդ օրը նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկել են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են վարչական շրջաններում խմելու և ոռոգման ջրի մատակարարման, գազաֆիկացման, ճանապարհաշինության հիմնախնդիրներին։ Նախարարը ներկայացրել է սուբվենցիայի ծրագրերի միջոցով դրանք լուծելու կարևորությունը և արտասահմանի հայ գործարարների ներուժը սահմանապահ համայնքներ ուղղորդելու հեռանկարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ