Այո, մենք կարեւոր ենք համարում Արցախի ներգրավումը բանակցային ֆորմատում, ես ասել եմ, որ ես կարող եմ բանակցել Հայաստանի անունից, ես չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետեւ Արցախի հանրապետությունն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ եւ կառույցներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ նաեւ, որ մենք պատրաստ ենք բանակցությունների եւ նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք Հայաստանը վերանայել է իր ռազմավարությունը Ադրբեջանի հետ կապված՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմը, վարչապետը պատասխանեց. «Ոչ թե վերանայման մասին է պետք է խոսել: Եթե վերանայման մասին խոսենք, պետք է իրավիճակին համարժեք լինենք: Սա է ամենակարեւոր մոտեցումը: Որեւէ մոտեցում կարծրացած չէ, որեւէ դիրքորոշում պետք է լինի համարժեք:
Մենք կարծում ենք, որ խաղաղ կարգավորումը կարեւոր է, համարում ենք, որն դա հնարավոր է, բայց նաեւ ասում ենք, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք, Ադրբեջանն իր գործողություններով եւ հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտն ու հնարավորությունը եւ մենք համարժեք ենք լինելու իրավիճակին: Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը եւ կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք: Եթե այլ ուղղությամբ կգնա, այդ իրավիճակին էլ կլինենք համարժեք:
Մեր գործողությունները պետք է լինեն համարժեք, օպերատիվ իրավիճակից բխող եւ մեր երկրի ազգային անվտանգության շահերից բխող»: