News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայ-թուրքական սահմանին արտակարգ միջադեպ է գրանցվել. Հայաստանում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները 5 սահմանախախտի են ձերբակալել: Սահմանապահ ծառայության տեղեկացմամբ՝ հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով Հայաստան ներխուժել: Ձերբակալվածներն Աֆղանստանի քաղաքացիներ են, նրանց Հայաստանի իրավապահ մարմիններին են հանձնել: Գործողություններ են իրականացվում՝ միջադեպի մանրամասները պարզելու համար:

Երեւանում ապակիների արտադրամասում պայթյունի հետեւանքով տուժածներ կան: Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով արտադրամասի պատերը մասամբ փլուզվել են:

Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. 28-ամյա երիտասարդի մարմնի այրվածքային մակերեսն 80 տոկոս է կազմում: Մյուս երկու տուժածներից մեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: Նշենք, որ պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել, փրկարարները բացառել են կրկնակի պայթյունի կամ շենքի ամբողջական փլուզման վտանգը:

Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահը, հնարավոր է, Նյու Յորքում հանդիպեն: Հայաստանում ԱՄՆ դեսպանն ասել է՝ դիտարկվում է Նիկոլ Փաշինյանի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կազմակերպելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում այդ հարցով դեռեւս չկա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ առաջարկել են Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի երկրորդ հանդիպումը կազմակերպել. առաջինը հուլիսի 11-ին էր, Բրյուսելում: Ժամկետների եւ վայրի մասին Հայաստանի ԱԳ նախարարությունը խոստանում է հայտնել դրանց հստակեցումից հետո, սակայն հավանական ժամկետ է համարվում սեպտեմբերը, վայրը՝ Նյու Յորքը:

Մինչ այդ, Հայաստանի վարչապետը հուլիսի 26-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ. Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի վարչապետերի ձեւաչափով ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտպանության նախարարություն էր գնացել. շնորհավորել է ռազմաուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտներին եւ ավարտական վկայականները հանձնել: Վարչապետը հույս է հայտնել, որ նաեւ նրանց օգնությամբ վաղը հայոց բանակն այնպիսին չի լինի, ինչպիսին երեկ էր:

Իսկ լրագրողները վարչապետի կարծիքն են հարցրել պաշտպանության նախարարի վերջին հարցազրույցի մասին, որը որպես Ադրբեջանին ուղղված ուղիղ զգուշացում է ընկալվել: Նիկոլ Փաշինյանը նախարարի հայտարարությունը ճիշտ է համարում:

Դավիթ Տոնոյանը, հիշեցնենք, «EaDaily»-ին տված հարցազրույցում ասել էր, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն առաջին հերթին ռազմական հետեւություններ է արել, եւ Ադրբեջանին այսուհետ թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը եւ մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը: Բայց սա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը հավատարիմ չէ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Դավիթ Տոնոյանն էլ անդրադարձել է սահմանային իրավիճակին. այն կայուն է, բայց, ըստ նախարարի, պատերազմի վերսկսման պետք է սպասել ամեն վայրկյան: Անդրադառնալով երեկ զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպքին՝ Դավիթ Տոնոյանը վստահեցրեց, որ դժբախտ պատահար է եղել: Նա նաեւ հավաստեց, որ նման դեպքերի թիվը հնարավորինս նվազեցնելու համար աշխատում են բարձրացնել կարգապահության, պատրաստվածության մակարդակը: Նույնը չի կարելի ասել շուրջ մեկ ամիս առաջ Քարվաճառում տեղի ունեցած դեպքի մասին. սա արդեն միջանձնային հարաբերությունների խնդիր էր: Ավելին, ըստ տեղեկությունների՝ ծառայակցին կրակողն ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է անցկացրել: Նիստից հետո կուսակցության անդամները լրագրողներին ասել են՝ հիմնականում Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր են քննարկել: «Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքապետի 4 թեկնածու ունի՝ Ալեն Սիմոնյան, Հայկ Մարության, Զարուհի Բաթոյան եւ Սրբուհի Ղազարյան: Սակայն հնարավոր է՝ հետագայում նրանց թիվն ավելանա:

Առաջադրված թեկնածուներից երկուսն արդեն իրենց ծրագրերը ներկայացրել են կուսակիցներին: Արայիկ Հարությունյանն ասում է՝ կցանկանար քաղաքապետի հավանական թեկնածուի ծրագրում տեսնել այն խնդիրները, որոնց լուծման համար պայքարել է Երեւանի ավագանու կազմում աշխատելիս:

«Քաղաքացիական պայմանագիր»-ն առայժմ վերջնական որոշում չունի՝ ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու են միայնակ, թե՞ «Ելք» դաշինքով: Իսկ հնարավո՞ր է քաղաքական այլ ուժերի հետ կոալիցիան:

Իրավապահները Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ ընտրախախտումների գործով նոր մանրամասներ են հաղորդել: Այսպես կոչված «Զիբիլիքս»-ի գործով ձերբակալված կա՝ Հեղինե Փոգրարյանը: Քննչական ծառայությունը փաստական տվյալներ ունի, որ նա 2017 թվականի մայիսի 14-ին կայացած ավագանու ընտրություններից առաջ հանդիպել է ընտրողներին եւ ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար խոստացել է յուրաքանչյուր քվեի համար 10.000 դրամ կաշառք տրամադրել: Գործով նախաքննությունը շարունակվում է:

Դոլարն ու եվրոն նորից վերելք են ապրում: Հուլիսի 25-ին դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 7 դրամ 64 լումա, ֆունտինը՝ 632 դրամ:

Հուլիսի 26-ի կեսօրից հետո հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +22+24, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ