News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 27-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ, որտեղ նրան դիմավորել է թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նիկոլ Փաշինյանն Էրմիտաժում հանդիպում է ունեցել մշակույթի մի խումբ գործիչների հետ, այնուհետև շրջայց կատարել:

Նիկոլ Փաշինյանը մեծ պատիվ է համարել արվեստագետների հետ հանդիպումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանի և ՌԴ-ի միջև հարաբերությունները շարունակական զարգանան ու բարձրանան նոր մակարդակի: «Մեր հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի և կարծում եմ, որ դրանք հիմնված են հարուստ մշակութային կապերի վրա, որոնք գոյություն ունեն հայ և ռուս մշակութային գործիչների միջև: Այդ կապերը ոչ միայն պրոֆեսիոնալ են, այլև մարդկային. պրոֆեսիոնալ կապերն ամրապնդում են մարդկային կապերը և հակառակը: Մենք անհրաժեշտ ենք համարում մշակութային կապերի հետագա խորացումն ու կարևորում այն փաստը, որ Էրմիտաժում պահվում են հայկական հետք ունեցող բազմաթիվ ցուցանմուշներ»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի համար Սանկտ Պետերբուրգն ունի կարևոր նշանակություն. այստեղ ապրել, կրթություն են ստացել և գործունեություն ծավալել բազմաթիվ հայտնի հայեր: 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մշակութային գործիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, մշակութային փոխգործակցությանը, Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմանը, ուսանողական ծրագրերի իրականացմանը, ճարտարապետական արժեք ունեցող շենքերի պահպանմանը, մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Վերջինի հետ կապված վարչապետն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ և տարօրինակ համարել այն, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է երրորդ երկրի հետ հարաբերություններով: «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ: Մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և Հայաստանն այժմ ցեղասպանությունների դեմ պայքարում առաջամարտիկներից մեկն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցեղասպանության հարցը մեր երկրի համար ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ցեղասպանության դեմ գլոբալ պայքարի հարց է: «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանի»,- ընդգծել է վարչապետը:

Վարչապետը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ