Ռուսաստանցի Աննա Սիմոնյանը դիմել է «Նովայա գազետային» եւ պատմել Վլադիմիրի մարզի թիվ 6 ուղղիչ գաղութում եղբոր՝ Գոռ Հովակիմյանի մահվան մասին: Պաշտոնական փաստաթղթերով, որոնք կասկածահարույց են, տղամարդը մահացել է երկկողմանի թոքաբորբի հետեւանքով, որն իբր ստացել է պատժախցում: Սակայն ազգականները համոզված են, որ գաղութի ղեկավարությունը հապճեպ կատարած ախտորոշմամբ փորձում է թաքցնել բռնի մահը:
Վլադիմիրի թիվ 6 ուղղիչ գաղութը գտնվում է մարզի Կովրովսկի շրջանի Մելեխովո բնակավայրում: Հովակիմյանի մահը գրանցվել է հուլիսի 6-ին, սակայն նրա ընտանիքից նրա մահը մինչեւ վերջ թաքցրել են: Մոսկվայում բնակվող ազգականներն անհանգստացել են տղամարդու առողջության համար, երբ նա հունիսի վերջին իրենց չի զանգահարել, չնայած նախկինում ամեն ամիս տուն կատարվող զանգերը բաց չի թողել: Հուլիսի 11-ի երեկոյան ազգականներն իրենք են զանգահարել գաղութ, որտեղից ասել են որ տղամարդը ողջ-առողջ է: Գոռ Հովակիմյանի մոր անհանգստությունը չի փարատվել, ուստի նա որոշել է անձամբ գնալ գաղութ՝ որդուն տեսնելու: Միայն այնտեղ են նրան հայտնել, որ որդին մահացել է:
Աննա Սիմոնյանի կարծիքով՝ գաղութի ղեկավարությունը դիտավորյալ ստել է հեռախոսով, որպեսզի մահվան պահից 7 օր անցնելուց հետո դիակը չպահանջված համարեին եւ հապշտապ թաղեին մահվան իրական պատճառները թաքցնելու համար: Նման պահվածքի պատճառները հասկանալի են դարձել դիահերձարանում դիակի զննումից հետո:
«Երբ մենք եկանք ՈՒԳ-6, մեզ ուղարկեցին ՈՒԳ-3, այդ գաղութին կից դատապարտյալների հիվանդանոց կա: Գաղութում ասացին, որ հերձմանը ներկա է եղել դատախազը, որ քրեական ոչինչ չկա: Հիվանդանոցում ասացին, որ մարմինն արդեն Վլադիմիրի դիահերձարանում է՝ ոչ թե քրեական, այլ սովորական: Մենք քաղաքային դիահերձարանում տեսանկարահանեցինք. թեւատակին նկատելի էին էլեկտրաշոկերի հետքերը, ձեռքերի եւ ոտքերի մատները ջարդված էին, սեռական օրգանները վնասված, ազդրի վրա հսկայական հեմատոմա էր, գոտկատեղին ահռելի սեւ շերտ, հետույքն ամբողջությամբ ծածկված էր էլեկտրաշոկերի հետքերով… Նրա վրա անվնաս տեղ չկար, միայն դեմքին ձեռք չէին տվել: Դիահերձարանում մենք խնդրեցինք հերձման արձանագրությունը, որը մեզ չտվեցին: Ասացին, որ ստորագրել են դատախազը եւ դատական փորձագետը: Մահվան մասին տեղեկանքում մահվան պատճառ էին նշել երկկողմանի թոքաբորբը: Եղբայրս առողջ էր, նա երբեք ոչ մի բանից չի գանգատվել»,- գրում է Աննա Սիմոնյանը:
Տեսածից անմիջապես հետո զոհվածի մայրը, քույրը եւ եղբայրը գնացել են ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչություն, որտեղ հանդիպել են վարչության ղեկավար Ալեքսանդր Էլանցեւի հետ: Քննիչը խոստացել է գործն իր հսկողության տակ վերցնել եւ կարգադրել է դիահերձարան ուղղարկել քննչական խումբ: Իրավապահներին տեսնելով պաթոլոգոանատոմը չի հերքել մարմնի վրա ծեծի հետքերը եւ թաքցրել է զննման առաջին արձանագրությունը, որտեղ որպես մահվան պատճառ գրված էր թոքաբորբի մասին:
Տեսակցության ժամանակ Գոռ Հովակիմյանը ազգականներին պատմել էր, թե հսկիչները որքան հնարամիտ են խոշտանգելիս. սեռական օրգաններին խփում են բանակային գոտու ճարմանդով, գլխին դատարկ դույլ են հագցնում միացված երաժշտության բարձրախոսով կամ այնտեղ ցողում էին գազի բալոնից, ճաղերից 10-12 ժամով կախում են ձեռքերից: Գաղութի աշխատակիցների անբարեհաճությունը պայմանավորված էր նրանով, որ Հովակիմյանն իրեն անարդարացիորեն էր դատապարտված համարում (թմրանյութային հոդվածով) եւ հաճախ էր դատավճռի դեմ բողոքներ գրում:
Հովակիմյանների ընտանիքի հետ Էլանցեւի հանդիպումից հետո քննչական մարմինները քրեական գործ են հարուցել, սակայն տարօրինակ հոդվածով՝ «Անզգուշությամբ մահվան պատճառում անձի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելիս», այսինքն՝ բուժօգնություն չցուցաբերելը: Դատապարտյալի ազգականներին գործի նման որակումը չէր գոհացնում, քանի որ այն աջակցում է գաղութի ղեկավարության պաշտոնական վարկածը եւ հաշվի չի առնում զոհվածի մարմնի վրա ծեծի բազմաթիվ հետքերը եւ գաղութում խոշտանգելու մասին նրա ասածները:
ՈՒԳ-6-ի ղեկավարությունը այս ընթացքում անգործության է մատնված եւ աշխատանք է իրականացնում մյուս դատապարտյալների հետ: Աննա Սիմոնյանի խոսքով՝ իր մորն անընդհատ զանգահարում են այլ դատապարտյալների ազգականները եւ խնդրում դիմումը ՌԴ ՔԿ-ից հետ վերցնել՝ վախենալով, որ իրենց երեխաներին, հայրերին եւ ամուսիններին հնարավոր ստուգումների պատճառով «կճզմեն»:
«Նովայա գազետայի» հետ զրույցում Վլադիմիրից իրավապաշտպան Վլադիմիր Գորբունովն ասել է, որ Գոռ Հովակիմյանի դեպքը եզակի չէ: Իրավապաշտպանը փորձել է քրական գործի հարուցման հասնել Վլադիմիրի կենտրոնական բանտի պետ Ալեքսեյ Կլիմովի դեմ՝ հավաքելով 24 դատախազական կարգադրագրերի նյութեր, սակայն դա ոչինչ չի տվել:














